Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ասել է, որ մինչև հունիսի 25-ը ենթադրվում է Բրյուսելում առաջին բանավոր քննարկումը Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցի շուրջ:
«Անձամբ ես բավական լավատեսորեն եմ տրամադրված: Բրյուսելում Եվրոպական միության ղեկավարների հետ վերջին քննարկումներում ես ասել եմ, որ միջազգային չափազանց բարդ այս իրավիճակի պայմաններում Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը ռազմավարական կոպիտ սխալ կլինի Արևմուտքի կողմից», - նշել է Ղարիբաշվիլին:
Նրա փոխանցմամբ, կարգավիճակի տրամադրումը նաև կնպաստի Վրաստանում բևեռացմանը վերջ տալուն:
Ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, Վրաստանը Եվրոպական հանձնաժողովի կողմից 2022 թվականի հունիսին չի ստացել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ:
Հանձնաժողովը մեկ տարի առաջ Վրաստանին կոչ է արել նախ կատարել տարբեր ոլորտներում բարեփոխումների փաթեթի 12 կետերը, որոնցից առաջինը քաղաքական բևեռացման կարգավորումն է: