Մատչելիության հղումներ

Մնացական Մարտիրոսյանը դուրս է եկել Հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից


Բարձրագույն դատական խորհուրդը Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

«Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով», - ասված է հաղորդագրության մեջ:

Դատական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ դատավորի թեկնածուն հանվում է թեկնածուների ցուցակից, եթե այդ մասին գրավոր դիմում է ներկայացնում։ Ինչո՞ւ է Մարտիրոսյանը դիմում ներկայացրել. նա հրաժարվեց բացատրել իր որոշումը, «Ազատությանը» միայն ասաց՝ «պարզապես այդպես ցանկացա»։

Մարտիրոսյանը հոկտեմբերին էր ընտրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Սա հարուցել էր քաղհասարակության զայրույթը, հիշեցնում էին, որ նա ընդդիմադիրների էր դատապարտում, նրա կայացրած վճիռներից հետո Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ որոշումներ է ընդունել։

Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG