Մատչելիության հղումներ

Չինաստանի դեսպանը չմեկնաբանեց հետխորհրդային երկրների անկախությունը կասկածի տակ առնող իր գործընկերոջ հայտարարությունը


Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը հրաժարվեց մեկնաբանել իր՝ Փարիզում աշխատող գործընկերոջ ապրիլի վերջին արած հայտարարությունը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության ադրադարձն այդ թեմային։

«Արտգործնախարարությունն արդեն այդ թեմայով հայտարարություն արել է, ես չեմ ցանկանում այն կրկնել», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ֆան Յոնգը։

«Ազատությունը» հետաքրքրվել էր՝ արդյոք դեսպանը կիսում է Փարիզում աշխատող իր գործընկերոջ տեսակետը։ Այս հարցը մնաց անպատասխան։

Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շայը ապրիլի վերջին հեռուստաընկերություններից մեկի եթերում աղմկահարույց հայտարարություն էր արել՝ նշելով, որ նախկին ԽՍՀՄ երկրները «միջազգային իրավունքի տեսանկյունից արդյունավետ, իրական կարգավիճակ չունեն, քանի որ չկա միջազգային համաձայնագիր, որը կոնկրետ ձև կհաղորդի նրանց ինքնիշխան կարգավիճակին»։

Այս հայտարարությունից հետո մեծ աղմուկ էր բարձրացել մի շարք պետություններում, այդ թվում՝ Ֆրանսիայում, որի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ «Փարիզը մտահոգությամբ է ընդունել չինացի դիվանագետի հայտարարությունը»:

Դեսպանի խոսքը կտրուկ դատապարտել էին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները։

Բարձրացած աղմուկից հետո թեմային անդադարձավ Ֆրանսիայում Չինաստանի դեսպանտունը, ինչպես նաև այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը: Պեկինը հայտարարեց, որ դեսպան Լուի մեկնաբանությունները «չեն արտացոլում իրենց քաղաքականությունը, այլ անձնական տեսակետների արտահայտում էին հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ»:

Արտգործնախարարության խոսնակն ընդգծել էր, որ Չինաստանն առաջին երկրներից մեկն է եղել, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նախկին խորհրդային երկրների հետ միության փլուզումից հետո։

Հայաստանի արտգործնախարարությունը, ի տարբերություն Լու Շայի հայտարարության հասցեատեր այլ հետխորհրդային երկրների, չէր անդրադարձել Ֆրանսիայում Չինաստանի դեսպանի խոսքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG