Պաշտոնական Պեկինն այսօր առաջին անգամ մեկնաբանել է Փարիզում Չինաստանի դեսպան Լու Շայեի՝ ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում արված հայտարարությունը, որում չինացի դիվանագետը կասկածի տակ էր դրել հետխորհրդային պետությունների անկախ կարգավիճակի օրինականությունը։
«Չինաստանը հարգում է նախկինում ԽՍՀՄ հանրապետություններ հանդիսացած բոլոր պետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը», - այսօր Պեկինում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նին։ Նրա խոսքով՝ Չինաստանն առաջիններից էր, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց հետխորհրդային հանրապետությունների հետ։
Դիվանագիտական սկանդալը ծագել է Ֆրանսիայում Չինաստանի դեսպանի՝ LCI ալիքին տված հարցազրույցից հետո։ Դրանում չինացի դիվանագետը պնդել էր, թե «միջազգային իրավունքի տեսանկյունից հետխորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունը կարելի է կասկածի տակ առնել»։