Ռուսաստանը ՄԱԿ-ին կոչ է անում ստեղծել միջազգային խումբ, որը պետք է քննի «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման հանգամանքները:
Մոսկվան պնդում է, որ դրա հետ առնչություն ունեն արևմտյան երկրները: «Հարկ չէ ասել, որ մենք ևս մեկ անգամ ՄԱԿ-ից կպահանջենք դա անել: Դուք առանց ինձ էլ դա գիտեք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Գազատարները պայթեցվել են 2022 թվականի սեպտեմբերի 26-ին: Միացյալ Նահանգներում մամուլը գրել է, թե Վաշինգտոնում նախապես գիտեին, որ Կիևը մտադիր է դիվերսիա անցկացնել, և հորդորել են չդիմել այդ քայլին:
«Մենք հուսով ենք, որ Արևմուտքում նրանք, ովքեր իրենց վրա են վերցրել հետաքննությունը, կմեկնաբանեն ԶԼՄ-ներում հայտնված փաստերը պայթյունների մասին և կտեղեկացնեն միջազգային հանրությանը»,- հայտարարել է Զախարովան:
Նա ավելացրել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, նախկինում արգելափակել են գազատարների հարցով թափանցիկ հետաքննություն անցկացնելու Ռուսաստանի առաջարկը: