Հայաստանի կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը Ռուսաստան թույլատրվել է, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Կառույցը ստուգումներ է իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, արձանագրել, որ վերացվել են ռուսական Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։
«Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո», - ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանն ավելի վաղ արգելել էր հայկական ողջ կաթնամթերքի ներմուծումը: Ռոսսելխոզնադզորը պատճառաբանել է, որ իր ստուգած երկու ընկերության արտադրանքում չթույլատրված իրանական հումք է հայտնաբերվել։