Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներն այսօր հեռավար կմասնակցեն Տաջիկստանում ռուսալեզու դպրոցների բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին ասվում է Կրեմլի կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:
«Ազատության» տաջիկական ծառայության փոխանցմամբ, հինգ դպրոցները բացվում են երկրի տարբեր քաղաքներում՝ Դուշանբեում, Խուջանդում, Բոխտարում, Կուլոբում և Թուսունզոդայում։ Աղբյուրի համաձայն՝ ռուսալեզու այդ դպրոցներում կրթությունը հիմնված կլինի ռուսական ուսումնական ծրագրի վրա։
Անցած տարվա հոկտեմբերին հայտարարելով Տաջիկստանում ռուսական դպրոցների բացման ծրագրերի մասին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, թե հայաստանյան իշխանությունները ևս այդ հարցում հետաքրքրություն են ցուցաբերել: «Այդ թվում Վալենտինա Մատվիենկոյի [Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ] նախաձեռնությամբ Տաջիկստանում ստեղծվում են ռուսական հինգ դպրոցներ՝ մեր մեթոդաբանության հիման վրա ստեղծված ուսուցման ամբողջական ծրագրով։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջերս հայաստանյան նոր ղեկավարությունը հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում», - անցած տարվա հոկտեմբերին ասել էր Լավրովը: