ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ասել է, որ Շվեդիան կատարել է դաշինքին անդամակցելու հարցով ստանձնած բոլոր պարտավորությունները: Այդ մասին Ստոլտենբերգն ասել է Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցելուց հետո:
«Շվեդիան կատարել է բոլոր պարտավորությունները, իրականացվել են կոնկրետ քայլեր, և օրենքներում փոփոխություններն են մտցվել: Ես ընդունում եմ, որ ցույցերը Շվեդիայում խնդիրներ են առաջացրել: Հավաքներ կազմակերպելու և կարծիքներ հայտնելու ազատությունը պետք է պաշտպանվեն և հարգվեն, բայց այդ ցույցերի կազմակերպիչները փորձում են խոչընդոտել Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա փոխանցմամբ, Էրդողանի հետ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Շվեդիայի հարցով մշտական համատեղ հանձնախմբի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 12-ին:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ Թուրքիան դեռ ժամանակ ունի մինչև Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար:
Անկարան դեռ արգելափակում է Շվեդիայի միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին, պահանջելով, որ Ստոկհոլմն արտահանձնի Թուրքիայում ահաբեկիչներ համարվող անձանց, ովքեր քաղաքական ապաստան են ստացել Շվեդիայում:
Ստոկհոլմը հայտարարում է, որ այդ անձանց հարցը կարող է միայն շվեդական դատարանը լուծել, և այն գտնվում է կառավարության լիազորությունների շրջանակից դուրս:
Ստոլտենբերգն Անկարա է մեկնել հունիսի 3-ին Էրդողանի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար: