Ադրբեջանում կալանավորված Հարություն Հովագիմյանի մայրը երեկ վերջապես շունչ քաշեց. վերջին երկու շաբաթներին օդը քար էր դարձել կնոջ կոկորդում, չգիտեր՝ ողջ է արդյոք իր միակ որդին։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից ու Կարմիր խաչից են ընտանիքին հայտնել, որ Բաքվից լուր ունեն։
«Հանգստացա, որ ողջ է իմ տղան, մի բան իմացանք իրենից։ Մեզ տեղեկացրել են, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է՝ առողջականը, թե մնացած պայմանները», - «Ազատության» փոխանցեց Հովագիմյանի մայրը։
Բաքուն երեկ է ՄԻԵԴ-ին տեղեկություն փոխանցել մայիսին Շիկահողից անհետացած երկու հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի ու Կարեն Ղազարյանի վերաբերյալ։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանն «Ազատությանն» ասաց, թե ինչ տեղեկության մասին է խոսքը։
«Դատարանը փոխանցել է Հայաստանի կառավարությանը․ ներառյալ բժշկական փաստաթղթեր են, պահման պայմաններ են։ Հայաստանն ունի ժամկետ մինչև հունիսի 16-ը, դատարանի սահմանած ժամկետն է, մենք պետք է մեր դիրքորոշումը հայտնենք այդ տեղեկությունների վերաբերյալ», - ասաց Սամվելյանը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատությանն» ասաց՝ օգնել են, որ Ադրբեջանում պահվող զինծառայողներն ընտանիքի անդամների հետ կապ հաստատեն։
«Ըստ մեր ընթացակարգերի, տեսակցությունը տեղի է ունեցել առանձնազրույցների ձևաչափով, և դրա շրջանակներում մենք օգնել ենք հաստատել իրենց կապն ընտանիքների անդամների հետ՝ այս անգամ Կարմիր խաչի նամակների տեսքով», - նշեց Ամատունին։
«Եթե տեսակցության պահին, որևէ հարցի վերաբերյալ նկատառում ենք ունենում դա քննարկում ու փոխանցում ենք պատասխանատու իշխանություններին՝ առաջարկով, որ հաջորդ այցի ընթացքում շտկումներ լինեն», - ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Իսկ զինծառայողների առողջական վիճակի ու պահման պայմանների վերաբերյալ այլ մանրամասներ չփոխանցեց։
«Տեսակցությունների ընթացքում, բնականաբար, մեր պատվիրակները գնահատում են վերաբերմունքը պահվող անձանց պահման պայմանների, ինչպես նաև առողջական վիճակը ընդհանուր։ Սակայն դրա մասին որևէ մանրամասն հանրային հարթակում չենք քննարկում», - հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը։
Ժամկետային Կարեն Ղազարյանն ու պայմանագրային Հարություն Հովագիմյանն ավելի քան տասն օր առաջ կամազով սնունդ ու ջուր էին հենակետեր տարել։ Հետո գտնվել էր նրանց մեքենան։
Քննչականը հայտնել էր, որ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանական զինված խումբն է նրանց առևանգել։ Բաքվից՝ հակառակն են պնդում, թե հայ զինվորները դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել։ Այնտեղ նրանց մեղադրում են միանգամից վեց, այդ թվում՝ ահաբեկչության հոդվածով։
Կարեն Ղազարյանի հայրն ասաց՝ սիրատ չունի խոսելու, Հարություն Հովագիմյանի մայրը երկուսի փոխարեն ասաց. - «Կուզենք, որ արդարացնեն իրենց ու շուտ բաց թողնեն։ Մենք վստահ ենք, որ իրենք արդար են, ուղղակի սպասում ենք արդարադատութան որոշմանը»։