Իրանի իշխանությունները ցուցադրել են «Ֆաթթահ» գերձայնային բալիստիկ հրթիռը, որը համարվում է իր տեսակի մեջ առաջին իրանական արտադրության զենքը։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, զենքի ցուցադրությանը մասնակցել է նախագահ Էբրահիմ Ռաիսին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի մշակած այդ սպառազինությունը, ինչպես հաղորդվում է, գործում է արագ և ի վիճակի է մանևրել ինչպես երկրագնդի մթնոլորտային շերտի ներսում, այնպես էլ դրանից դուրս։
Իրանցի մասնագետների պնդմամբ, նոր հրթիռը կարող է հաղթահարել ինչպես սովորական հակաօդային պաշտպանության համակարգերն, այնպես էլ խիստ թանկարժեք այն համակարգերը, որոնք նախատեսված են մթնոլորտային շերտից այն կողմ թռչող հրթիռների խոցման համար։