Հնդկական Օդիշա նահանգում գնացքների բախումից զոհերի թիվը հասել է 288-ի, ավելի քան 1000 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է տեղական News18 India գործակալությունը։
Times of India-ն գրում է 261 զոհի և ավելի քան 900 վիրավորի մասին։
Վթարը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան Բալասորե քաղաքի մոտ։ Վթարի պատճառների տարբեր վարկածներ են շրջանառվում։ Ըստ մամուլի՝ վարկածներից մեկի համաձայն, Չենայի ուղևորվող արագընթաց գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից և բախվել զուգահեռ գծերի վրա կանգնած բեռնատար գնացքին, րոպեներ անց նրանց է բախվել հանդիպակաց ուղղությամբ շարժվող մարդատար երրորդ գնացքը։ Տասնյակ վագոններ են մխրճվել իրար մեջ, ջախջախվել, կամ շրջվել։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են ՝ աղետների արձագանքման ազգային ուժերի, զինվորականների, այլ գործակալությունների մասնակցությամբ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այցելել է դեպքի վայր։ Նա ցավակցություն է հայտնել տուժածներին և զոհվածների ընտանիքներին։
Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել է Հնդկաստանի ժողովրդին՝ ողբերգական վթարի կապակցությամբ։
Հունիսի 2-ի վթարը Հնդկաստանի պատմության մեջ երրորդ ամենամահաբեր երկաթուղային պատահարն է։ Ամենածանր աղետը տեղի է ունցել 1981 թվականին, պաշտոնական տվյալներով, 750 մարդ էր զոհվել, երբ մարդատար գնացքը երկաթուղային կամրջից ընկել էր գետը։