Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը։
Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էին գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր:
«Սուրբ Աստվածամայր»-ից հայտնում են, որ երեխան անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ:
Ըստ կենտրոնի՝ մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր:
Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել մայիսի 27-ին։ Բախվել էին «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ երեխաներից մեկի հայրը, տեղում մահացել էր։ Ըստ նախնական տվյալների, «ՎԱԶ 2106» -ում 7 մարդ է եղել։
Երեխաներն Արտաշատից մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։
Վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ միայն փորձաքննություններից հետո պարզ կլինի, թե ինչն էր վթարի պատճառը, ով կամ ովքեր էին մեղավորները։