Մատչելիության հղումներ

Ողբերգական ավտովթարից տուժած չորս երեխաների վիճակը ծանր է


Ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով Արտաշատից Գառնի մեկնող երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծայրահեղ ծանր-տերմինալ։

Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ 8-12 տարեկան չորս երեխաները հիմա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում են, նրանց ուղեկցող երկու չափահասները, ենթադրաբար մարզիչներըէ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում։

Այս բուժկենտրոնի փոխանցմամբ, մեծահասակներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ կայուն։

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել հինգ օր առաջ։ Բախվել էին «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ երեխաներից մեկի հայրը, տեղում մահացել էր։ Ըստ նախնական տվյալների, «ՎԱԶ 2106» -ում 7 մարդ է եղել։

«Վերին Արտաշատից, Այգեստանից, Զովաշենից հավաքվել գնում էին մրցումների», - «Ազատությանը» պատմեց Վերին Արտաշատի վարչական ղեկավար Աշոտ Ղազարյանը։ - «Երկրորդ մեքենա էղել ա, որ գնացել ա իրանցից առաջ։ Բայց թե ինչի են էդ նույն մեքենայով գնացել, էդքան մանրամասը չգիտեմ»»

Արդյոք այսպիսի միջոցառումների համար համայնքապետարանը, մարզպետարանը մեքենաներ չե՞ն տրամադրում։ Ղազարյանը ցավով նշեց՝ հիմնականում ծնողները սեփական միջոցներով են գնում, չեն դիմում. - «Մանավանդ որ մոտիկ տեղ ա էղել։ Առհասարակ չեն դիմում։ Համայնքները մեքենա չունեն, բայց եթե շատ անհրաժեշտություն լինի, որ իրենք ի վիճակի չլինեն, համայնքը, ինձ թվում ա, էդքան հնարավորություն կունենա, որ մեքենա վարձի, իրանց տանեն, տեղափոխեն, բերեն»։

Քրեական գործ է հարուցվել երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։ Քննչական կոմիտեի ասացին, որ միայն փորձաքննություններից հետո պարզ կլինի, թե ինչն էր վթարի պատճառը, ով կամ ովքեր էին մեղավորները։

«Ահավոր դեպք է տեղի ունեցել, և սա ևս մեկ անգամ գալիս է մեզ հիշեցնելու, որ մեզ մոտ դեռևս բոլոր կանոնները չեն, որ պահպանվում են», - ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

4308 ավտովթար և 321 զոհ. սրանք միայն անցած տարվա պաշտոնական տվյալներն են։ Պատահարների զոհերի թվով Հայաստանը ամենացածր հորիզոնականներից մեկում է՝ 2-րդը Եվրամիության և Արևելյան հարևանության 33 երկրների շարքում։

Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական մեղավորը, ըստ ոստիկանության, վարորդներն են։

«Վարորդի ընկեր» կազմակերպութան նախագահ Տիգրան Քեյանը ընդունելով, որ քիչ չեն անփույթ ու անկարգ վարորդները, այդուհանդերձ, հակադարձում է՝ առաջին հերթին պետությունը իր առջև դրված տարրական խնդիրները չի լուծում. - «Այսօր քաղաքում ահավոր վիճակ ա։ Մենք էն ժամանակ խոսում էինք, թե գծանշումներ չկային, հիմա քաղաքում երթևեկում ես, մեքենադ քանդվում է ուղղակի, միշտ փորձում ես ինչ-որ ձև երթևեկես մեքենադ վնասելուց խուսափելու։ Դրանից կարող են վթարներ առաջանալ, լուրջ վթարներ։ Իսկ փորձաքննություններ մեր մոտ չի կատարվում, առհասարակ չկա պատճառի-հետևանքի փորձաքննություն, և չենք կարող ասել էդ վթարի մեղավորը ով ա եղել, ինչից ա առաջացել, ինչ կարող էր անել վարորդը, ինչ պետք ա աներ պետությունը»։

Չկա լուսավորություն, շինարարական աշխատանքները իրականացվում են առանց տարածքը սահմանազատելու՝ հաշվի չառնելով երթևեկության համար ստեղծված անհարմարություները, չկա պատշաճ պետական վերահսկողություն, շարունակում է փորձագետը՝ պնդելով, որ այսպիսի պայմաններում պարզապես հնարավոր չէ ապահովել անվտանգ երթևեկություն։

Աղետալի հետևանքով վթարներն ամեն անգամ այս թեմայի մասին խոսելու պատճառ են դառնում։ Տարիներ շարունակ ուսումնասիրելով վթարների վիճակագրությունը՝ փորձագետները եզրահանգել են, որ Հայաստանում որևէ մարմին մահաբեր վթարների ավելացման համար հստակ պատասխանատվություն չի կրում։ Մեղավորը միշտ մահացողն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG