Մատչելիության հղումներ

Ճապոնիայի վարչապետը խստորեն պատժել է հարազատ որդուն


Խիստ պահպանողական, ավանդապաշտ ճապոնական հասարակարգում ծնող-զավակ հարաբերությունների հիմքում դարերի քննությունը բռնած ու ժողովրդի հավանությանն արժանացած կանոններ են, որոնք ջահել սերնդին պարտավորեցնում են հարգանք և ակնածանք դրսևորել ավագ սերնդի նկատմամբ, լինել ուշիմ և լսել մեծի խոսքը:

Տեխնիկական նվաճումների առումով աշխարհի, թերևս, ամենազարգացած երկրում այդ կեցվածքից լուրջ շեղումը նույնքան լուրջ պատասխանատվություն է ենթադրում:

Եվ ահա դրա օրինակներից մեկը: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան իր ավագ որդուն՝ Սյոտարո Կիշիդային ազատել է քաղաքական հարցերով անձնական քարտուղարի պաշտոնից:

Ի՞նչն է հարուցել վարչապետի զայրույթը

Ինչպես հաճախ է պատահում նմանօրինակ վիճակներում, պատճառ է դարձել մամուլի հրապարակումը:

«Սիուկան Բունսյուն» շաբաթաթերթը հրապարակել է լուսանկարներ անցած տարեվերջին վարչապետի կառավարական նստավայրում կրտսեր Կիշիդայի մասնակցությամբ տեղի ունեցած ուրախալի խնջույքից:

Ջահելներն, իհարկե, մի քիչ չափն անցել են. 32-ամյա Սյոտարոն և նրա ընկերներն ու ընկերուհիները լուսանկարվել են մամուլի ասուլիսների ամբիոնի մոտ, ապա գլխավոր աստիճանի կարմիր գորգին:

Հենց այդ հատվածում են ավանդույթի համաձայն լուսանկարվում կառավարության նորանշանակ նախարարները: Ընդ որում, լուսանկարում կրտսեր Կիշիդան կանգնած է ճիշտ կենտրոնում՝ տեղ, որը վերապահվում է միայն վարչապետին:

Ուրախ ժպիտներ: Լուսանկարները վկայում են, որ ջահելներն ամենայն անկեղծությամբ և ոգևորությամբ են վայելում կառավարության ղեկավարի նստավայրում գտնվելու պահերը:

Լուսանկարներն արվել են անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին: Ջահելները նշել են «bonenkai»՝ «մոռացիր տարին» անվամբ ավանդական տոնը:

Խնջույքի մասնակիցներն այդ օրը պետք է շատ խմեն և մոռանան անցնող տարվա տհաճ պահերն ու ձախորդությունները և հավատան, որ գալիք տարին երջանկություն կբերի:

Գուցեև կրտսեր Կիշիդայի և նրա բարեկամների այդ չարաճճի և մեծ հաշվով անմեղ արարքը չէր դատապարտվի, եթե հավաքը տեղի ունենար որևէ այլ շենքում, սակայն ոչ վարչապետի նստավայրում:

«Նա պիտի գիտակցի իր ստանձնած մեծ պատասխանատվությունը»

Ճապոնիայի վարչապետի նստավայրը գրեթե հարյուր տարվա պատմութուն ունի: Այն գտնվում է մայրաքաղաք Տոկիոյի Տիոդա շրջանի Նագատա-Տո թաղամասում:

Նախկինում այդ նստավայրը ծառայել է սոսկ որպես վարչապետի աշխատանքային գրասենյակ, սակայն 2005 թվականի հիմնանորոգման ընթացքում համալիրում ավելացվել են բնակելի հատվածներ, որոնք վարչապետը և նրա ընտանիքը կարող են օգտագործել որպես կեցավայր:

Կառավարության ղեկավարը բավական արագ և կոշտ է արձագանքել: Նախ Ֆումիո Կիշիդան նկատողություն է արել զավակին «անպարկեշտ պահվածքի» համար, հետո էլ հրապարակել է կարգադրությունը:

«Այդ գործողությունները հարիր չեն քաղաքական հարցերով քարտուղարին: Ես որոշել եմ փոխել նրան, որպեսզի նա գիտակցի իր ստանձնած մեծ պատասխանատվությունը»,- ասվում է վարչապետի ստորագրած փաստաթղթում:

Վարչապետի որդին՝ մամուլի քննադատության թիրախում

Ի դեպ, վարչապետի զավակին մինչ այդ էլ քննադատել են մամուլում այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա Լոնդոնում և Փարիզում մասնավոր այցելությունների ընթացքում երթևեկէլ է այդ երկրներում Ճապոնիայի դեսպանատների մեքենաներով և թանկարժեք գնումներ արել շքեղ հանրախանութներում:

Սյոտարո Կիշիդան վարչապետ Ֆումիո Կիշիդայի 8 անձնական քարտուղարնեից մեկն է: Ճապոնիայի քաղաքական մշակույթում զավակներին աշխատանքին պատրաստելն ընդունված գործելակերպ է և հանրությանն առանձնապես չի վրդովվեցնում:

«Ես շատ լուրջ եմ ընդունում պարտականություններս և անհապաղ որոշումներ եմ կայացնում այն դեպքերում, երբ հետաձգել չի կարելի»,- ասել է վարչապետը:

Ճապոնիայի ընդդիմադիր շրջանակներւմ էլ ասում են, թե Ֆումիո Կիշիդան վաղուց պետք է աշխատանքից ազատեր Սյոտարո Կիշիդային:

XS
SM
MD
LG