Ճապոնիայի վարչապետն անակնկալ այցով ժամանել է Կիև, ճիշտ այն ժամերին, երբ Չինաստանի ղեկավարը Մոսկվայում է հանդիպումներ անցկացնում։
Տոկիոն այժմ նախագահում է Մեծ յոթնյակում, և ակնկալվում է, որ Ֆումիո Կիշիդան իր աջակցությունը կհայտնի Ուկրաինային ու կդատապարտի Ռուսաստանի հարձակումը հարևանի դեմ։
«Վարչապետը բացարձակ կերպով կմերժի ներխուժմամբ ու ուժով ստատուս քվոն փոխելու Ռուսաստանի քայլերը և իր հավատարմությունը կհայտնի միջազգային իրավունքին ու նորմերին», - հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարարությունը։
Մեծ յոթնյակի հաջորդ գագաթնաժողովն անցնելու է մայիսին Հիրոսիմայում։ Ըստ ճապոնական լրատվամիջոցների՝ գերտերությունները մտադիր են այդ հավաքին հրավիրել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։