Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը չեղարկելու մասին օրենքը:
Փաստաթուղթը 1990 թվականին Փարիզում ստորագրել են ՆԱՏՕ-ի և Վարշավյան ուխտի երկրները:
Ըստ Մոսկվայի՝ պայմանագիրը 1997 թվականին խմբագրվել է, սակայն ՆԱՏՕ-ի երկրները լրամշակումները չեն վավերացրել: Արդյունքում, ինչպես Կրեմլն է պնդումն, սպառազենի հաշվարկն իարականցվել է ՆԱՏՕ-ի և Վարշավյան ուխտի միջև հաստատված համամասնությամբ, ինչը Ռուսաստանին ստիպել է 2007 թվականին սառեցնել մասնակցությունը պայմանագրին և 2015 թվականից դադարեցնել մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի հարցով Համատեղ խորհրդատվական խմբի աշխատանքներին, բայց սոսկ իրավաբանական տեսակետից Ռուսաստանը շարունակել է համարվել ընդգրկված այդ պայմանագրում:
Խմբում Ռուսաստանի շահերը Բելառուսն է ներկայացրել: Այս տարվա մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի ստորին պալատին՝ Պետական դումային, ներկայացրել է պայմանագիրը և դրան առնչվող այլ համաձայնությունները չեղարկելու օրինագիծը:
Փաստաթղթին կից բացատրական գրությունում Կրեմլը նշել է, որ աշխարհում տեղի են ունեցել լայնածավալ ռազմաքաղաքական փոփոխություններ, որոնց հետևանքով պայմանագիրը հնացել է և չի համապատասխանում ներկայիս իրավիճակին:
Պետական դումայում դրա ընդունումից հետո մայիսի 24-ին վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը վավերացրել է փաստաթուղթը: Նախագահ Պուտինի այսօրվա ստորագրությամբ օրենքը մտել է ուժի մեջ: