Ոստիկանական բաժանմունքում քաղաքացու են խոշտանգել, ահազանգում են իրավապաշտպաններն ու հարազատները։ Ծեծվածը քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանն է։ Նրա կինը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է իրենց տան առջև պարեկների հետ հրմշտոցից, որի ընթացքում, ասաց, նաև ինքն է վնասվածք ստացել:
«Ամեն ինչ այստեղ է տեղի ունեցել, ես ոստիկաններին խնդրում էի, որ թողնեն, քանի որ մենք մեր դռնից ընդամենը 3 մետր հեռավորության վրա էինք, ես իրենց խնդրում էի, որ թողնեն ամուսնուս ներս տանեմ, ու վեճը ավարտվի և ամեն ինչ կհարթվեր կգնար», - պատմեց Լիլիթ Ավոյանը:
Տան առջև նոյեմբերի 19-ին կեսգիշերն անց սկսած վիճաբանության պատճառով ամուսինը՝ Էդուարդ Վանեսքեհյանը ոստիկանություն էր տեղափոխվել։ Լիլիթ Ավոյանն ասում է՝ բաժանմունքում ոստիկաններն նրան այնպես են ծեծել, որ անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով։
«Ամուսինս ոստիկանական մեքենա է նստել առանց որևէ քերծվածքի, իսկ երկու ժամ անց ոստիկանական բաժանմունքում փաստաբանը գտել է նրան սարսափելի տրավմաներով, ուղեղի ցնցումով, թմբկաթաղանթների երկկողմանի պատռվածքով, փափուկ հյուսվածքների բազմաթիվ սալջարդերով», - ներկայացրեց Ավոյանը:
Պարեկներն էլ տարածք, ասում է, հարևանությամբ գործող բար-սրճարանի աղմուկի պատճառով էին եկել, այդ ժամանցի վայրի այցելուներից մեկի հետ էր ամուսինը վիճաբանել: Սակայն նրան տարել են ոչ թե ռուսախոս տղամարդու հետ վիճաբանելու պատճառով, այլ ոստիկանների ծառայողական գործունեության միջամտելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Վանեսքեհյանը հարվածել է պարեկներին ու պոկել նրանցից մեկի համազգեստի տեսախցիկը։ Հիմա նա կալանավորված է, չի ընդունում մեղքը։ Վանեսքեհյանը նաև տուժող է ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկվելու քրեական գործով։
«Այս ու նախորդ դեպքերը ցույց են տալիս, որ ոստիկանության համակարգի հատվածային բարեփոխումը բովանդակային ազդեցություն չի ունենում ամբողջ կառույցի վրա»
«Պարեկային ծառայության աշխատակիցները չեն բռնություն գործադրել, բայց նրանք ներկա են եղել, ականատես են եղել այդ բռնություններին և չեն կանխել», - ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Այս ու նախորդ դեպքերը ցույց են տալիս, որ ոստիկանության համակարգի հատվածային բարեփոխումը բովանդակային ազդեցություն չի ունենում ամբողջ կառույցի վրա, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա միջադեպին խոշտանգում, կտտանք որակումներն է տալիս։
«Ավելի արտառոց է և ավելի զայրացուցիչ է քննչական մարմնի կողմից ոչ պատշաճ արձագանքը: Խոսքը վերաբերում է նրան, որ անհապաղ պետք է հարուցվեր քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից անձի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնությունների կատարման հիմքով», - ընդգծեց իրավապաշտպանը:
Մինչդեռ ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտելու համար, նկատում է՝ քրգործ են հարուցել անմիջապես, Վանեսքեհյանի՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո էլ նրան կալանավորել են։
«Ցուցմունքները, որոնց հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել, քրեական գործ է հարուցվել և Վանեսքեհյանը որպես մեղադրյալ է ներգրավվել, ամբողջը հիմնված է ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա», - ասաց Սաքունցը:
Վանեսքեհյանը փաստաբանի տեղեկացմամբ՝ առողջական այլ խնդիրներ ևս ուներ, և պետք է վիրահատվեր: Վլադիմիր Հովհաննիսյանն ասում է՝ ոչ այնքան առողջական խնդիրները, այլ կալանքի անհիմն լինելն է իրենց ստիպում պնդել, որ պաշտպանյալը անհապաղ պետք է ազատ արձակվի։
«Առկա չի, մեր համոզմամբ, այն հանցակազմը, որի համար մեր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրված, և առկա չեն այն հիմքերը Քրեական դատավարության օրենսգրքի, որոնք դատարանը համարեց առկա, այն է՝ փախուստի դիմելու հավանականությունը և Քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալի վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը», - ասաց փաստաբան Հովհաննիսյանը:
Ոստիկանությունում բովանդակային բարեփոխումները պահանջող իրավապաշտպանները հիշեցնում են նաև երկու շաբաթ առաջ Լոռու մարզում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքը։ Հայր ու որդի էին հիվանդանոցում հայտնվել։ Վարչապետի՝ Տավուշ մեկնող ավտոշարասյան համար ճանապարհ բացող պարեկների և վանաձորցի Ավետիսյանների ընտանիքի անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ 2 տարբեր քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանություն, ինչպես նաև միջամտություն պաշտոնատար անձի գործունեությանը՝ բռնություն գործադրելու միջոցով։ Իսկ ոստիկաններն, ըստ հարուցված մեկ այլ քրեական գործի, խոշտանգել են վանաձորցի Ավետիսյաններին, այդ թվում՝ նրանց անչափահաս որդուն։ Այս երկու քրեական գործով էլ մինչ այս պահը մեղադրյալներ չկան։