Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային հարցեր


Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսն այսօր քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունից ու սադրիչ գործողություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը կարևոր գործոն է բանակցություններում առաջընթացի ուղղությամբ, փոխանցում են ԱԳ նախարարությունից։

Նաև ընդգծվել է տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարևորությունը:

Կառավարությունից էլ հայտնում են, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հանդիպել է նաև ՀՀ վարչապետի հետ։ Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ու կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը և այլ հարցերի, ասված է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG