Մատչելիության հղումներ

Մի խումբ կոնգրեսականներ Բայդենին կոչ են անում չեղարկել Ուկրաինային F-16 օդանավեր փոխանցելու արգելքը


F-16 տեսակի ամերիկյան արտադրության կործանիչը, արխիվ:
F-16 տեսակի ամերիկյան արտադրության կործանիչը, արխիվ:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան մի խումբ անդամներ նախագահ Ջո Բայդենին հասցեագրված նամակում կոչ են արել անհապաղ չեղարկել Ուկրաինային F-16 տեսակի կործանիչներ տրամադրելու արգելքը: Այդ մասին այսօր հայտնել է Նյու Յորքում լույս տեսնող The New York Times օրաթերթը:

«Հաշվի առնելով Ուկրաինային հրասայլեր փոխանցելու հարցում նախնական փուլում մեր դաշնակիցների ցուցաբերած անվճռականությունը, մենք գտնում ենք, որ լրացուցիչ ռեսուրսներ և հնարավորություններ Կիևին տալու գործում ԱՄՆ-ի առաջնորդությունը չափազանց կարևոր է: F-16 տեսակի մարտական օդանավերի տրամադրումն անհրաժեշտ է այս պատերազմն արդար պայմաններով ավարտելու համար»,- ասվում է նամակում:

Ըստ The New York Times-ի, նամակը ստորագրել են 14 կոնգրեսականներ՝ թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական: Խմբի աշխատանքը համակարգում է Մեն նահանգից ընտրված դեմոկրատական կոնգրեսական Ջարեդ Գոլդենը:

Երեկ՝ մայիսի 17-ին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ կործանիչների հարցում Սպիտակ տան դիրքորոշումն անփոփոխ է՝ դրանք Ուկրաինային չեն փոխանցվի:

Երեկ The New York Times-ը հաղորդել է, որ ամերիկացիները չեն թույլատրում ուկրաինացի օդաչուներին մարտական պատրաստություն անցնել եվրոպական դաշնակիցների F-16 օդանավերով:

Մայիսի 9-ին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ասել է, թե իր երկիրը Մեծ Բրիտանիայի, Դանիայի, եվրոպական մի շարք այլ պետությունների և ԱՄՆ-ի հետ քննարկում է Ուկրաինային F-16-ներ փոխանցելու հարցը:

«Դրա շուրջ ակտիվ բանակցություններ են»,- ասել է Նիդերլանդների կառավարության ղեկավարը:

Ուկրաինայի կառավարությունում ընդունում են, որ F-16 տեսակի կործանիչների խնդիրը ձգձգվում է և արագ չի լուծվի:

Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակը հայտնել է, որ Լոնդոնը մտադիր է ուկրաինացի ռազմական օդաչուների համար բացել ուսումնական կենտրոն, որտեղ նրանք կսովորեն վարել արևմտյան մարտական ինքնաթիռներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG