Մատչելիության հղումներ

Ռուսաստան-Վրաստան թռիչքների վերսկսման դեպքում ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել վրացական ընկերությունների դեմ


Վրաստան - Թբիլիսիի Ռուսթավելիի անվան օդանավակայանը, արխիվ
Վրաստան - Թբիլիսիի Ռուսթավելիի անվան օդանավակայանը, արխիվ

Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսման դեպքում Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել վրացական ընկերությունների դեմ։

«Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերսկսումը մեզ կանհանգստացնի. վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են պատժամիջոցների վտանգի առաջ հայտնվել, եթե սպասարկեն ներմուծման և արտահանման վերահսկողության ենթակա ինքնաթիռներ», - հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

Պաշտոնյան կրկնել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ «ուղիղ թռիչքները վերականգնելու կամ վիզային ռեժիմը փոխելու փոխարեն, վրաց ժողովուրդը հավանաբար կգերադասի, որպեսզի Պուտինը դուրս բերի ռուսական զորքերը Վրաստանի օկուպացված տարածքներից»:

«Ամբողջ արևմտյան հասարակությունները հեռացել են այդ դաժան ռեժիմից: Այժմ ժամանակը չէ ակտիվացնելու Ռուսաստանի հետ փոխգործակցությունը», - պնդել է Պատելը:

Ռուսաստանը չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար շուրջ 23 տարի առաջ սահմանված վիզային ռեժիմը, նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով վերականգնվում են նաև դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթները։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի քանի անգամ հրապարակավ գովեստի խոսքեր է ասել Վրաստանի կառավարության հասցեին՝ մասնավորապես Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու համար, Թբիլիսիի այդ քայլը գնահատելով որպես «պատասխանատու մոտեցում»:

XS
SM
MD
LG