Մատչելիության հղումներ

Ռուսական նոր սփյուռքն ավելի երիտասարդ և ակտիվ է Հայաստանում, քան Վրաստանում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի, մոբիլիզացիայի ֆոնին


Հայաստան տեղափոխված ռուսներն ավելի երիտասարդ են, ավելի լիբերալ և քաղաքականապես ակտիվ, քան նրանք, ովքեր Վրաստանում են հաստատվել, այս մասին են վկայում Արևելյան Եվրոպայի և միջազգային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքները:

Ըստ Բեռլինում տեղակայված կազմակերպության, Հայաստանում հաստատված ռուսների միջին տարիքը 30 տարեկան է, Վրաստանինը՝ մոտ 33։ Հայաստան գաղթածների մոտ 45 տոկոսը ամուսնացած է, 15 տոկոսը երեխա ունի, Վրաստանի համար այս ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 58 տոկոս և 33 տոկոս։

Հայաստանում հարցվածների երկու երրորդը մասնակցել է հասարակական և քաղաքական իրադարձություններին նախքան Ռուսաստանից հեռանալը, այդ թվում՝ 26 տոկոսը մասնակցել է հակապատերազմական ցույցերի։ Վրաստանում գրեթե երկու անգամ ավելի քիչ են եղել քաղաքականապես ակտիվ մարդիկ, ընդամենը 11 տոկոսն է մասնակցել պատերազմի դեմ ցույցերին։ Հայաստանում բնակվող ռուսների գրեթե 75 տոկոսը և Վրաստանում՝ գրեթե 65 տոկոսը կարծում են, որ ուկրաինական հակամարտության համար առաջին հերթին պատասխանատու են Ռուսաստանի իշխանությունները։

Հայաստանում մոտ 3 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 11 տոկոսը նշել է, որ դրա մեղավորը արևմտյան երկրներն ու ՆԱՏՕ-ն են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը բացասական է գնահատում Հայաստան մեկնածների 96 տոկոսը, իսկ Վրաստան՝ 82 տոկոսը։ Հայաստանում հարցված ռուսաստանցիների հինգերորդը լքել է Ռուսաստանը պատերազմի մեկնարկից հետո, Վրաստանի համար այս ցուցանիշը կազմում է ընդամենը 4 տոկոս։ Մեծամասնությունը արտագաղթել է մոբիլիզացիայի հայտարարությունից հետո՝ Հայաստանում հաստատվածների 46 տոկոսը, Վրաստանում՝ 56 տոկոսը։

Նաև հարցվողների միջև ընդհանուր է այն խնդիրները, որոնց ռուսները բախվում են արտագաղթից հետո։ Հարցվածների 45 տոկոսը Հայաստանում և 34-ը Վրաստանում դժվարություններ ունեն բնակարան գտնելու հարցում, համապատասխանաբար 23 և 24 տոկոսը՝ աշխատանք գտնելու հարցում։ Հոգեբանական դժվարություններ են արձանագրել Հայաստան գաղթածների 39 տոկոսը և Վրաստան՝ 17, ռուսների նկատմամբ խտրականությունը՝ համապատասխանաբար 2 տոկոսը և 4 տոկոսը։

Երկու երկրների պաշտոնական տվյալների համաձայն՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո Հայաստանում հաստատվել է առնվազն 42 հազար ռուս, իսկ Վրաստանում՝ մոտ 62 հազար։

XS
SM
MD
LG