Եվրոպական հեռարձակողների միությունը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ «Եվրատեսիլ-2023» երաժշտական մրցույթի եզրափակիչում տեսաուղերձով հանդես գալու առաջարկը, հայտնում է The Times պարբերականը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ մրցույթի կազմակերպիչներն իրենց որոշումը պարզաբանելիս վկայակոչել են 160-միլիոնանոց լսարան ունեցող մրցույթի կանոնները, որոնք արգելում են քաղաքական բնույթի ելույթներ։
«Մրցույթի հիմնաքարերից մեկը միջոցառման ապաքաղաքական լինելն է։ Այս սկզբունքն արգելում է մրցույթի ընթացքում քաղաքական կամ այլ հայտարարություններ անել», - Հեռարձակողների միության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում բրիտանական պարբերականը:
Կիևը պնդում է, թե The Times-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, որ նախագահի աշխատակազմը չի դիմել «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին Զելենսկու ելույթի խնդրանքով։