Մատչելիության հղումներ

Բուհերում տարկետման տրամադրման նոր կարգը տարակարծություններ է հարուցել


6 տարվա ընդմիջումից հետո բուհ ընդունված երիտասարդների մի մասը այս տարի բանակ չի գնա՝ օգտվելով տարկետման իրավունքից, որը կտարածվի միայն նրանց վրա, ովքեր կընտրեն կառավարության նշած մասնագիտությունները։

Անցած տարի գործադիրը որոշեց, որ ամեն տարի պետությունը առաջնահերթ ուղղություններ ընտրել են։ Այս տարի դա բնագիտական ոլորտն է։ Հիմնականում ԵՊՀ-ի ու Պոլիտեխնիկի ֆիզիկայի ու քիմիայի մասնագիտացումներն են։ Անցած տարի այս մասնագիտությունների համար հատկացված տեղերի մեծ մասը թափուր մնաց, ու այս պատկերը կրկնվում է տարիներ շարունակ։

«Առաջին հայտով, օրինակ, քիմիայում հինգ հոգի էին դիմել, իսկ այս պահին տասներկու անվճար տեղի վրա տասնհինգ հոգի արդեն գրանցված են», - փոխանցեց Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի դեկան Արմեն Գալստյանը։

Արմեն Գալստյան
Արմեն Գալստյան

Նա կառավարության այս որոշումը ձեռքբերում է համարում։ Ի վերջո, ասում է, տղաներին հնարավորություն կտրվի մտածել՝ գուցե արժի՞ գիտությամբ զբաղվել. - «Երբ որ վերադառնում է բանակից, շատ հաճախ կրթությամբ չի ուզում զբաղվի, այլ միանգամից արդեն աշխատանքի է անցում, բայց ոչ պրոֆիլային տիրույթի, որը կուզենար ինքը դպրոցը ավարտելուց ունենար»։

«Քիմիան հիմա դարձել է աղջիկների մենաշնորհը», - կատակում են բուհում՝ ցույց տալով լսարանների դեմոգրաֆիական պատկերը։

Արտյոմ Պետրոսյանը կուրսի միակ տղան է, տարկետման իրավունք ստացել է օլիմպիադայում մեդալ վաստակելու շնորհիվ։ Չի բացառում, որ մասնագիտություն ընտրելիս տղաների մի զգալի մասի համար գիտությունը չդառնա պատճառը, այլ ընդամենը՝ բանակից խուսափելը. - «Կոնկրետ էս պահին բնագիտական ոլորտում, հենց կոնկրետ քիմիայի ոլորտում մասնագետների շատ մեծ պահանջարկ կա։ Տղաները հետաքրքրվել են արդեն, թեկուզ տարկետման համար»։

«Արդյո՞ք դա հերթական ճանապարհը չի բանակից խուսափելու։ Ինչ խոսք, նման էլեմենտ կա», - նշոում է Մայր բուհի ԵՊՀ-ի Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանը։

Խաչատուր Ներկարարյան
Խաչատուր Ներկարարյան

Նա նոր որոշման մեջ բացեր տեսնում է, սակայն ընդհանուր առմամբ գոհ է, որ ի վերջո, 6 տարվա պայքարից հետո տարկետման իրավունքը գոնե մասնակի վերականգնվեց. - «Մեր գիտությունը շարունակական բնույթի է։ Բանակով տեղի է ունենում այս շարունակական կրթության ընդհատում։ Պատկերացրեք, երկու տարի երիտասարդը ոչ մի կապ չունենալով գիտության հետ, կամ այդ գիտելիքները յուրացնելու հետ, ահա նորից վերադառնում է՝ անշուշտ զգալի չափով մոռացած իր նախորդ գիտելիքները։ Եվ մենք ստիպված ենք լինում այլ միջոցներով, նորից վերադառնալով հնին՝ վերականգնել դա, որը, իհարկե, ազդում է որակի վրա»։

Նախորդ տարվա համեմատ Մայր բուհում ֆիզիկա սովորել ցանկացողների թիվը գրեթե 100-ով աճել է։ Նույն պատկերը չէ սակայն տարկետման իրավունք չստացած Մանկավարժական ինստիտուտի նույն մասնագիտությունների գծով։ Անցած տարի մանկավարժականի ֆիզիկայի ֆակուլտետ միայն մեկ ուսանող էր ընդունվել։ Dimord.am կայքում դիմորդների շարժն ուսումնասիրելիս՝ ակնհայտ է դառնում, որ նույն մասնագիտություններն այս տարի էլ մանկավարժականում թափուր տեղեր կունենան։

Մանկավարժականի Ֆիզիկայի ֆակուլտետի 24 տեղի համար դիմել է ընդամենը 2 հոգի, քիմիայի 19 տեղի համար՝ 1 հոգի։ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին ղեկավար Կարեն Քեռյանի կարծիքով, փոփոխությունն այս տեսքով միայն արհեստական մրցակցություն է ստեղծում, մինչդեռ շատ կարևոր, մրցակցային մասնագիտություններ անտեսվում են. - «Օրինակ, մաթեմատիկայով տարկետման հնարավորություն չի ընձեռվում այս կարգի շրջանակներում։ Ընդ որում, ընձեռվում է այլ մասնագիտություններով, որոնցով տարիներ շարունակ թափուր տեղեր են մնում։ Ու դրանով արհեստական մենք մրցակցություն ենք ստեղծում, այնինչ մենք պետք է նպաստենք իրենց հետաքրքրող մասնագիտություններով, որտեղ որ առկա է մրցակցություն, հնարավորություն տրվի»։

Կարեն Քեռյան
Կարեն Քեռյան

Արհեստական պահանջարկ ստեղծելուց բացի, ըստ փորձագետի, նոր կարգը չի ապահովում կրթության շարունակականությունը։ Տարկետման տեղերի մեծ մասը տրված է մագիստրատուրային, մինչդեռ առաջնահերթությունը պետք է տրվեր բակալավրիատին. - «Այս վերջին պահին տրված հնարավորությունը կարող է միայն նրանց օգնել, ովքեր նախօրոք ինչ-որ ձևով ազդեցություն են ունեցել այս կարգը որ ընդունվի։ Որովհետև հիմա տարբեր ուղղություններով տրվել են տարկետման հնարավորություններ մագիստրատուրա ընդունվելու, նույնիսկ էնպիսի տեղեր, որտեղ որ մարդ չի ընդունվել տարիներով։ Եթե ուշադիր նայենք, թե բակալավրիատում որ մասնագիտություններով են տրվում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, կտեսնենք, որ այդ ցանկերը իրար չեն համապատասխանում»։

Կրթության փորձագետներն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցներում թեև կարևորում էին տարեկման վերականգնումը, այդուհանդերձ կասկածներ ունեին՝ արդյո՞ք պատշաճ վերահսկողություն կլինի, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես կային նախկինում, հիմա էլ չկրկնվեն, ու այս արտոնությունը դարձյալ յուրայինների, մեծահարուստների, պաշտոնյանների երեխաների մենաշնորհը չդառնա։

XS
SM
MD
LG