Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է զինապարտության մասին օրենքում փոփոխության հարցը


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։

Փոփոխությամբ առաջարկվում է, որ հաջորդ տարվանից դպրոցն ավարտող տղաները հնարավորություն ունենան որոշակի մասնագիտություններ ընտրելու դեպքում տարկետման իրավունք ստանալ և չընդհատել կրթությունը բանակ մեկնելու համար։

Հիմնական զեկուցող կրթության նախարար Վահրամ Դումանյանն ասաց՝ փոփոխությամբ, մասնավորապես, առաջարկվում է սովորելու կապակցությամբ տարկետում ստացած տղաների համար զորակոչի տարիք սահմանել 28 տարեկանը՝ 27-ի փոխարեն։

Նախարարը պարզաբանեց՝ ուսանողը երեք տարվա ասպիրանտուրական կրթության երկրորդ տարում զորակոչվում է բանակ, հետևաբար դիսերտացիա գրելու համար խոչընդոտներ են առաջանում, փոփոխությամբ, ըստ նախարարի, այդ խնդիրներից են խուսափում։

«27 տարեկանը գալիս է խորհրդային տարիներից՝ մինչև 27-ն էին բանակ զորակոչում, բայց դպրոցն այսօր դարձել է 12 տարի։ Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ 18-ը լրացած նոր ավարտում են դպրոցը և ընդունվում բուհ։ Գումարած 4 տարի կստանանք, որ 22-ում կավարտի բակալավրիատը, գումարենք ևս 2 տարի մագիստրատուրան, 24-ում կավարտի մագիստրատուրան, և եթե գումարենք 3 տարի կստանանք 27, բայց գործող օրենքի պահանջով տարկետում կտրամադրվի տվյալ անձին մինչև 26 տարեկանը, վերջին տարում չի տրամադրվում և արդյունքում մենք ստանում ենք 3 տարվա ասպերանտուրան 2 տարում։ Դիսերտացիան, որ պիտի գրվեր 3 տարում, ամեն ձևերով խոչընդոտ է առաջանում դա անելու, որովհետև նա ասպիրանտուրական կրթության 2-րդ տարում պիտի զորակոչվի բանակ։ Այդ պատճառով ովքեր ստացել են սովորելու համար տարկետում ևս մեկ տարի է սահմանվել, որ այդ խնդիրներից խուսափենք», - ասաց նախարարը։

Նախարարությունը նաև լիազորում է կառավարությանը, որպեսզի կառավարությունը յուրաքանչյուր տարի որոշի տարկետման պայմանները, բուհերի ու մասնագիտությունների ցանկը, որը կբխի երկրի գերակայությունից, ասաց Դումանյանը՝ հստակեցնելով՝ խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղությունների մասին է։

Փոփոխությանը կառավարությունը հավանություն էր տվել հուլիսի սկզբին։ Վարչապետ Փաշինյանն իր խոսքում ընդգծել էր՝ կախված կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից, պետությունը ամեն տարի կորոշի տնտեսագետի, գյուղատնտեսի, թե ֆիզիկոսի կարիք ունի։

2017 թվականին «Զինծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելուց հետո տարկետման իրավունքից օգտվում են միայն օլիմպիադաների մրցանակակիրները, այդ հնարավորությունը տրվում է նաև օտարերկրյա բուհերում սովորողներին։ Նախարարի խոսքով՝ վերջին մի քանի տարիների փորձը ցույց է տալիս, որ սա չի նպաստում հայաստանյան բուհերի կրթության որակի բարելավմանը։ Մասնագետներն այսօր առավել կարևորում են, որ այս արտոնությունը կրկին յուրայինների, մեծահարուսների, պաշտոնյանների երեխաների մենաշնորհը չդառնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG