Մատչելիության հղումներ

Կրեմլը դատապարտում է Կիևին հեռահար հրթիռներ տրամադրելու Լոնդոնի որոշումը


Storm Shadow տեսակի հրթիռը Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի թանգարանում, Լոնդոն, արխիվ
Storm Shadow տեսակի հրթիռը Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի թանգարանում, Լոնդոն, արխիվ

Ռուսական զինված ուժերը համարժեք պատասխան կտան Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային Storm Shadow տեսակի հեռահար հրթիռներ տրամադրելու որոշմանը:

Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Կրեմլը դատապարտում է Լոնդոնի այդ որոշումը:

«Դա մեր զինվորականներից կպահանջի համարժեք պատասխան, բնականաբար, ռազմական տեսակետից կընդունվեն համապատասխան վճիռներ»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ CNN ամերիկյան հեռուստակայանը հաղորդել է Բրիտանիայի կողմից Ուկրաինային Storm Shadow տեսակի հրթիռներ փոխանցելու մասին:

Փորձագետների փոխանցմամբ, այդ հրթիռներով ուկրաինացիները կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանի կողմից բռնակցված տարածքների խորքում գտնվող թիրախներին:

Storm Shadow-ն հեռահար ավիացիոն հրթիռ է, որը համատեղ ջանքերով ստեղծել են բրիտանացի և ֆրանսիացի մասնագետները: Այն սովորաբար արձակվում է օդից և կարող է խոցել ավելի քան 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը:

XS
SM
MD
LG