Մատչելիության հղումներ

Աքարը հայ և թուրք ժողովուրդների միջև պատմական թշնամանքի վերացման հույս է հայտնում


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Կովկասյան տարածաշրջանի համար, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

TRT World-ի համար հրապարակած հոդվածում Հուլուսի Աքարը հույս է հայտնել, որ «պատմական թշնամանքների վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության և համագործակցության համար»:

«Սակայն մենք պետք է հիշենք ստեղծված նուրբ իրավիճակի մասին։ Թեև կոնֆլիկտը ներկայումս սառեցված է, թշնամանքի վերսկսման վտանգը մեծանում է, որքան որ երկարում է համաձայնագիր կնքելը», - հավելել է նա:

Ըստ Աքարի՝ երկու խնդիր խանգարել է Անկարային և Երևանին նորմալ հարաբերություններ զարգացնել Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից ի վեր։ Դրանցից մեկը «1992 թվականի պատերազմն էր Լեռնային Ղարաբաղի համար և դրա հետևանքով Հայաստանի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ ադրբեջանական տարածքների զգալի ծավալի օկուպացիան»: Մյուս խոչընդոտը, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի, «չլուծված տարբեր տեսակետներն են1915 թվականի պատմական իրադարձությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են ինչպես հայերի, այնպես էլ մահմեդականների մահվան Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին»:

Նրա խոսքով, առաջինը քիչ թե շատ լուծված է` «այն պարագայում, որ Ադրբեջանը վերադարձրեց իր հողերը 2020 թվականին», «երկրորդը, պարզվեց, շատ ավելի դժվար է հաղթահարել, քանի որ դա շատ զգայուն և էմոցիոնալ թեմա է երկու կողմերի համար»:

Աքարի հավաստմամբ՝ Թուրքիան հավատարիմ է մնում այն համոզմանը, որ թուրք և հայ ժողովուրդները, որոնք հանդուրժողականության և խաղաղության մեջ ապրելու երկար պատմություն ունեն, կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և փոխշահավետ համագործակցության հիման վրա՝ չնայած մարտահրավերներին։

«Եթե տարածաշրջանի և դրանից դուրս երկրները որոշեն ներդրումներ կատարել խաղաղության հարցում, ապա քաղաքական և տնտեսական շահաբաժինները մեծ կլինեն ամբողջ տարածաշրջանի համար: Թուրքիան կցանկանար, որ երրորդ երկրները՝ ներառյալ Արևմուտքում իր դաշնակիցները, կա՛մ օգնեն այս նոր ըմբռնմանը, կա՛մ գոնե զգուշանան պատմական վեճը քաղաքականացնելու և թշնամանքը հավերժացնելու գործողություններից», - գրել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը:

Հուլուսի Աքարի դոկտորական թեզի թեման եղել է հայկական հարցը, նա Աթաթուրքի անվան Արդի պատմության համալսարանում հետազոտել է ամերիկացի գեներալ Հարբորդի առաքելությունը, որը Փարիզի հաշտության կոնֆերանսի որոշմամբ Ամերիկայից Հայաստան ու Մերձավոր Արևելք էր ուղարկվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո:

XS
SM
MD
LG