Մինսկի շրջանային դատարանը NEXTA ընդդիմադիր Տելեգրամ ալիքի հիմնադիր, բլոգեր Ռոման Պրոտասևիչին դատապարտեց 8 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է Բելառուսում իշխանությունը զավթելու նպատակով զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Դատախազությունը 10 տարվա ազատազրկման վճիռ էր պահանջել:
Ավելի վաղ Պրոտասևիչին ներկայացված մեղադրանքը խստացվել է, քանի որ դատախազությունը դրան ավելացրել է նաև «ծայրահեղական կազմակերպություն ղեկավարելու» հոդվածը:
NEXTA Տելեգրամ ալիքի գործով ևս երկու ամբաստանյալներ՝ Ստեպան Պուտիլոն և Յան Ռուդիկը, հեռակա կարգով դատապարտվել են 20 և 19 տարվա ազատազրկման: Նրանք գտնվում են արտերկրում:
Դատախազությունը Պրոտասևիչին, Պուտիլոյին և Ռուդիկին մեղադրել է ավելի քան 1580 հանցանքների համար: Դրանց թվում են՝ սոցիալական ատելության հրահրում, զանգվածային անկարգությունների կազմակերպում, պետական իշխանությունը զավթելու հանրային կոչեր, ահաբեկչական գործողություններ, ծայրահեղական կառույցի ստեղծում և ղեկավարում, զրպարտություն և հրապարակային վիրավորանք երկրի նախագահի հասցեին:
Մինսկի շրջանային դատարանի դատավոր Վյաչեսլավ Տուլեյկոն հիմնական պատիժների մասնակի ավելացմամբ Պրոտասևիչին դատապարտել է 8 տարվա ազատազրկման, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:
Դատավորը նաև հայտնել է, որ մինչև պատժաժամկետի ուժի մեջ մտնելը Պրոտասևիչը կմնա տնային կալանքի պայմաններում:
Ապրիլի վերջին Պրոտասևիչը դատարանին խնդրել էր իր համար նշանակել «ազատազրկում չնախատեսող արդար պատիժ» և հավատացրել, որ պատրաստ է ամեն ինչ անել՝ հատուցելու իր գործողությունների հետևանքով առաջացած վնասը:
Nexta-ն բառախաղ է. այն, մի կողմից, ակնարկում է անգլերեն next բառը, որը նշանակում է «հաջորդ», մյուս կողմից՝ բելառուսերեն «нехта» («նեխտա») բառը, որը նշանակում է «ոմն» և ընդգծում կողմնակիցների անանունությունը:
Այդ Տելեգրամ ալիքով անանուն օգտատերեր տարածել են ընդդիմության ակտիվության մասին բազմաթիվ նյութեր:
2020 թվականին Մինսկի Կենտրոն շրջանի դատարանը «ծայրահեղական» է ճանաչել այդ Տելեգրամ ալիքը և դրա պատկերանշանը, իսկ 2022-ին Բելառուսի Գերագույն դատարանն է գլխավոր դատախազի միջնորդությամբ «ծայրահեղական» ճանաչել Nexta կազմակերպությունը և դրա կազմում գտնվող կառույցները:
Ռոման Պրոտասևիչի և նրա ռուսաստանցի ընկերուհի Սոֆյա Սապեգայի ձերբակալությունը մեծ սկանդալի առիթ է դարձել: Արևմուտքն այդ կապակցությամբ նոր պատժամիջոցներ է սահմանել Մինսկի նկատմամբ:
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը 2021 թվականի մայիսի 23-ին վայրէջք է պարտադրել Աթենք-Վիլնյուս չվերթը կատարող Ryanair ընկերության քաղաքացիական օդանավին:
Բելառուսի պատկան մարմիններն օդանավի անձնակազմին հայտնել են, թե տեղեկություն են ստացել, որ օդանավում իբր ռումբ է տեղադրված:
Վայրէջքից հետո Պրոտասևիչին և Սապեգային կալանավորել են և հասարակական կարգուկանոնը խախտելու ու սոցիալական թշնամանք հրահրելու մեղադրանք ներկայացրել:
Սապեգան անցյալ տարվա մայիսի 6-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և վերջերս տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ պետք է շարունակի պատիժը կրել:
Մոսկվայի դատարանը Սապեգայի վերաբերյալ որոշումը կընդունի մայիսի 24-ին: Իսկ Պրոտասևիչը դեռ կարող է բողոքարկել բելառուսական դատարանի վճիռը: