Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ուրբաթ օրը ժամանել է Հունգարիա: Ակնկալվում է, որ Պապը հանրային ելույթներում և վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններում խոսելու է Ուկրաինայի պատերազմի, միգրացիայի և Եվրոպայի քրիստոնեական արմատների մասին։ Ֆրանցիսկոսը կիրակի օրը վարելու է բացօթյա պատարագ խորհրդարանի առջև։
Օրբանի խոսքով՝ Հունգարիան և Վատիկանը միակ եվրոպական պետություններն են, որոնք «խաղաղության կողմնակից» են Ուկրաինայի հարցում:
Ե՛վ 59-ամյա Օրբանը, և՛ 86-ամյա Պապը կոչ են արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել պատերազմին վերջ տալու համար, իսկ Ֆրանցիսկոսը հորդորել է Ուկրաինային բաց լինել «ագրեսոր» Ռուսաստանի հետ երկխոսության համար, ինչը մինչև հիմա տեղի չի ունեցել։ Հունգարիան, որն աջակցում է ինքնիշխան Ուկրաինային, դեռ ամուր տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ և հրաժարվել է զենք ուղարկել Ուկրաինա:
Թեև Հռոմի Պապը հաճախ կոչ է արել արգելել զենքի թրաֆիքինգը և կրճատել զենքի արտադրությունը, նա նաև շեշտել է, որ Ուկրաինա զենք ուղարկելը բարոյապես ընդունելի է, եթե այն օգտագործվում է միայն ինքնապաշտպանության համար: