Մատչելիության հղումներ

Խաչատրյանի՝ բնակարանը զգալիորեն էժան գնելու մասին հրապարակմանը դատախազությունն ընթացք չտվեց


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, արխիվ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, արխիվ

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է գերատեսչությունը։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, միաժամանակ այն չի բովանդակում այնպիսի փաստեր, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, հետևաբար հրապարակումը չի ուղարկվել իրավասու քննչական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով», - հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, «Ինֆոքոմ» կայքի հետաքննության համաձայն, 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում՝ իր հարևանների համեմատ զգալիորեն ավելի ցածր գնով։

Հետաքննության հեղինակ Մկրտիչ Կարապետյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այս գործարքում առնվազն կոռուպցիոն ռիսկ է կա. - «Առնվազն ռիսկ, որ պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, Դատախազության կողմից»:

Ինչպե՞ս է ստացվել, որ Հակակոռուպցիոնի նախագահը իր բնակարանի մեկ քառակուսի մետրը նշված միջինացված թվից ավելի քան 171 հազար դրամով նվազ գնով է գնել. լրագրողը հարցն ուղղել էր և՛ կոմիտեին, և՛ կառուցապատողին, երկու կողմն էլ, սակայն, չէին պարզաբանել։

«Ազատությանն» առանց հստակ փաստեր ներկայացնելու Հակակոռուպցիոն կոմիտեից ասել էին, թե ամագրումն
այլ բնակարանների համեմատ ավելի էժան է եղել, քանի որ դա, ըստ գերատեսչության, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց մասին հենց կառուցապատող ընկերությունը քանիցս հրապարակային պարզաբանումներ է ներկայացրել, այդ թվում՝ նշելով, որ ավելի վաղ ամրագրած անձինք անշարժ գույքը ձեռք են բերում ավելի ցածր գնով, քան ավելի ուշ ամրագրածները կամ ընդհանրապես առանց ամրագրման գնում իրականացնող անձինք:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ևս կոռուպցիայի ռիսկ է տեսնում գործարքում, նա էլ է անհրաժեշտ համարում կողմերի հստակ պարզաբանումը։

«Հենց բացատրությունից էլ պարզ կդառնա՝ իսկապե՞ս խոսք գնում է կոռուպցիոն ռիսկի մասին, թե՞ խոսքը այլ պատճառով է արվել դա: Որովհետև իսկապես տարօրինակ է՝ եթե այլ գնորդներին դա վաճառվել է ավելի թանկ, իսկ նրան՝ ավելի ցածր գնով, և եթե այլ ինչ-որ գործոններ չկան այստեղ, դա իսկապես բավականին տարօրինակ է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հոկտանյանը:

Փորձագետը դժվարանում է ասել՝ արդյո՞ք Գլխավոր դատախազության որոշումը՝ ընթացք չտալ հրապարակմանը, հիմնավոր է։

Հետաքննությունն արած լրագրողը կասկածներ ունի՝ Սասուն Խաչատրյանը, որը ղեկավարում է Հակակոռուպցիոն կոմիտեն, բնակարանի նման գին ստանալով՝ կարող էր ազդել իր ղեկավարած կառույցի վարույթում քննվող քրեական գործի վրա, որը հարուցվել էր դեռ 2018-ի հուլիսին ու կապված էր «Բյուրեղ»-ի կառուցապատող «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանի գործի հետ։ Արսենյանին առնչվող ընտրակաշառքի գործը կասեցվել է` «մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով»։ Լրատվամիջոցը շեշտում էր՝ Աշոտ Արսենյանն այս գործով այդպես էլ որևէ կարգավիճակ չի ունեցել։

Լրագրողները պարզել էին, որ նույն «Բյուրեղ» թաղամասում բնակարան է ձեռք բերել նաև պաշտպանության նախարարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ «Հետք»-ի հետաքննության՝ նախարարը ամիսներ առաջ այդ բնակարանի համար վճարել է 69 մլն դրամ, այնինչ նույն այդ թաղամասում հիմա նույն մակերեսով բնակարանը վաճառվում է երկուսուկես անգամ ավելի բարձր գնով: «Բյուրեղ» թաղամասում, ըստ մամուլի հրապարակումների, բնակարաններ են ձեռք բերել նաև իշխող թիմի այլ ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

XS
SM
MD
LG