Մատչելիության հղումներ

Իրավապահները պետք է ստուգեն, թե ինչու է Սասուն Խաչատրյանին ավելի էժան գին առաջարկվել «Բյուրեղում» բնակարան գնելու համար. լրագրող


Գլխավոր դատախազությունից դեռ չեն հստակեցնում՝ ինչ քայլեր են ձեռնարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակման առիթով։ Գերատեսչությունից հորդորել են գրավոր հարցում ուղարկել։ Իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից էլ հայտնում են՝ ուսումնասիրում են Սասուն Խաչատրյանի վերաբերյալ հոդվածը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է» վերնագրով «Ինֆոքոմ» կայքի հոդվածն ընդգրկվել է հանձնաժողովի կողմից դեռ ամիսներ առաջ նախաձեռնված Սասուն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրման գործին։ Արդյոք բնակարանի ձեռքբերման գործընթացում կա կոռուպցիոն ռիսկ, հանձնաժողովում խուսափում են հստակ պատասխանից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետն ասում է, թե ինչ որոշում կընդունեն, կախված կլինի նաև Սասուն Խաչատրյանի պարզաբանումից։

«Ներկայացված պարզաբանումը գնահատելուց հետո հանձնաժողովը արդեն համապատասխան որոշման հիման վրա կա՛մ ավարտում է տվյալ վերլուծության ընթացքը, կա՛մ հիմքերի առկայության դեպքում հարուցում է համապատասխան վարույթ, կա՛մ առավել քրեական տարրեր պարունակող հանգամանքների առկայության դեպքում գործերն ուղարկում է գլխավոր դատախազություն», - ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը։

Մինչդեռ հետաքննության հեղինակ Մկրտիչ Կարապետյանը գործարքում առնվազն կոռուպցիոն ռիսկ է տեսնում։ Լրագրողը պարզել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Ըստ լրագրողի տվյալների՝ Խաչատրյանը բնակարանն իր հարևանների համեմատությամբ ձեռք է բերել էականորեն ավելի ցածր գնով։

«Առնվազն ռիսկ, որ պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, դատախազության կողմից», - ասում է լրագրողը։

Ինչպե՞ս է ստացվել, որ Հակակոռուպցիոնի նախագահը իր բնակարանի 1 քառ․ մետրը նշված միջինացված թվից ավելի քան 171 հազար դրամով նվազ է գնել, լրագրողը հարցն ուղղել է և՛ կոմիտեին, և՛ կառուցապատողին։ Ըստ «Ինֆոքոմի»՝ եթե Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին 1 քառ․ մետրը վաճառվել է 425 331 դրամով, նույն մասնաշենքում այլ քաղաքացիներ 1 քառ․ մետրի համար վճարել են 576 708, 572 660 և 640 000 դրամ։

«Եվ Հակակոռուպցիոն կոմիտեին, և կառուցապատողին ասում ենք՝ պարզաբանենք՝ զեղչը ինչով է պայմանավորված։ Եթե մեծ քառակուսի է, դրա համար է զեղչ, թող ասեն՝ դա է, եթե ցածր հարկ է, թող ասեն՝ դա է, եթե նախապես ամրագրում է եղել, մենք գրավոր հարցման մեջ ասել ենք՝ ամրագրումը հավաստող փաստաթուղթը տվեք, նայենք, դա էլ չեն տվել։ Հիմա առաջին խնդիրը հետևյալն է, որ թող պարզաբանվի՝ ինչի համար է զեղչվել, բայց որևիցե պատասխան չենք ստացել, չեն ասել՝ այս մի գործոնով կամ այս կոնկրետ գործոնով պայմանավորված եղել է այդ զեղչը», - նշում է նա։

Լրագրողը կասկածներ ունի՝ Սասուն Խաչատրյանը, որը ղեկավարում է Հակակոռուպցիոն կոմիտեն, բնակարանի նման գին ստանալով՝ կարող էր ազդել իր ղեկավարած կառույցի վարույթում քննվող քրեական գործի վրա, որը հարուցվել էր դեռ 2018-ի հուլիսին ու կապված էր «Բյուրեղ»-ի կառուցապատող «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանի գործի հետ։ Արսենյանին առնչվող ընտրակաշառքի գործը կասեցվել է` «մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով»։ Լրատվամիջոցը շեշտում է՝ Աշոտ Արսենյանն այս գործով այդպես էլ որևէ կարգավիճակ չի ունեցել։

«Երբ ոստիկանությունը 18 թվականին հաղորդագրությունը տարածում էր, այնտեղ գրված է, որ դա եղել է Աշոտ Արսենյանի օգտին ձայն բերելու համար։ Աշոտ Արսենյանը «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատերն է, ով կառուցապատում է «Բյուրեղ» թաղամասը։ Հիմա այդ քրեական գործը ինչ ճակատագրի է արժանացել, դա էլ երկրորդ ու միգուցե ավելի մեծ հարցն է, նրա վարույթն արդեն կասեցվել է, պարզ չէ, թե ինչու է կասեցվել։ Եթե ոստիկանությունն ուներ տվյալ, որ Աշոտ Արսենյանն է, արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեն գնացել, ոստիկանությունից այդ տվյալի հավաստիությունը ստուգող փաստերը վերցրել է, թե չէ։ Այսինքն՝ մենք ոչ մի բան չգիտենք։ Փաստն այն է, որ այս պահին կասեցվել է», - ասաց Կարապետյանը։

Չանդրադառնալով «Բյուրեղ»-ի կառուցապատող «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանին առնչվող քրեական գործի կասեցմանը, Հակակոռուպցիոն կոմիտեից արձագանքել են հարցին, թե ինչու է Սասուն Խաչատրյանն ավելի էժան գին առաջարկվել մեկ քառակուսի մետրի համար՝ առանց հստակ փաստեր ներկայացնելու. «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ամրագրումը (ոչ թե ձեռքբերումը) իրականացվել է այլ բնակարանների համեմատ ավելի էժան գնով, ապա դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց մասին հենց կառուցապատող ընկերությունը քանիցս հրապարակային պարզաբանումներ է ներկայացրել, այդ թվում՝ նշելով, որ ավելի վաղ ամրագրում իրականացնող անձինք անշարժ գույքը ձեռք են բերում ավելի ցածր գնով, քան ավելի ուշ ամրագրում իրականացրած կամ ընդհանրապես առանց ամրագրման գնում իրականացնող անձինք: Այդ մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել հենց կառուցապատողին»:

Մինչդեռ կառաուցապատողն, ինչպես հետաքննության հեղինակն է պնդում, չի պարզաբանել այդ հանգամանքը։ Լրագրողները պարզել էին, որ նույն «Բյուրեղ» թաղամասում բնակարան է ձեռք բերել նաև պաշտպանության նախարարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ «Հետք»-ի հետաքննության՝ նախարարը վեց ամիս առաջ այդ բնակարանի համար վճարել է 69 մլն դրամ, այնինչ նույն այդ թաղամասում հիմա նույն մակերեսով բնակարանը վաճառվում է երկուսուկես անգամ ավելի բարձր գնով: «Բյուրեղ» թաղամասում, ըստ մամուլի հրապարակումների, բնակարաններ են ձեռք բերել նաև իշխող թիմի այլ ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Մարտի 14-ին անդրադառնալով պաշտպանության նախարարի գործարքին՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանում որևէ խնդրահարույց բան չի տեսնում:

XS
SM
MD
LG