«Հայաստան» խմբակցության պատգամավորի Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը, փոխանցում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը մեղադրվում է խուլիգանության և խուլիգանական դրդումներով մարմնական վնասվածք պատճառելու համար:
Սահակյանը մոտ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում Պետաիրավական հանձնաժողովի նիստում բռունցքով հարվածել էր հանձնաժողովի իշխանական նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Դեպքից հետո պատգամավորին խորհրդարանից ոստիկանները բերման ենթարկեցին, նա երեք օրով ձերբակալվեց: Ազգային ժողովն անցած շաբաթ փակ, գաղտնի քվեարկությամբ Մհեր Սահակյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից՝ համաձայնություն տալով, որ դատախազությունը ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցի։