Մատչելիության հղումներ

Քաղաքացին պնդում է, որ Աղազարյանը սեռական բնույթի հայհոյանք է գրել իրեն. ըստ պատգամավորի՝ իր էջը կոտրել են


Տաթև Վիրաբյանը
Տաթև Վիրաբյանը

Տաթև Վիրաբյանը պատրաստվում է դիմել Ազգային ժողովին՝ խնդրելով քննարկել իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի վարքը։ Երիտասարդ կինը պնդում է, որ պատգամավորը իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել Ֆեյսբուքի նամականիով։ Վիրաբյանը նամակագրությունը հրապարակել էր Ֆեյսբուքի իր էջում։

«Ինձ համար ամոթ է, որ պապիկիս թայ մարդը նման վարքագիծ է դրսևորում, և չգիտեի՝ հրապարակման ենթակա՞ է, ենթակա չէ՞, և հետո որոշեցի, որ պետք է հրապարակվի, որովհետև անպատժելիությունն ավելի վատ հանցագործություններ է ծնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը

Իշխանական պատգամավորը մինչդեռ հերքում է, թե ինքն է հայհոյախառն նամակի հեղինակը՝ պնդելով, թե էջը կոտրել են։ Այսօր էլ խորհրդարանում 63-ամյա Աղազարյանը հայտարարեց, թե դեռ չի պարզել՝ ով է իր անունից նման նամակներ գրել, բայց հավելեց, թե չի պատրաստվում դիմել իրավապահներին՝ պարզելու՝ ով է կոտրել էջը. - «Չէ, դեռ չեմ պարզել, պետք է պարզեմ։ Եթե մենք նմանատիպ հիմարություններով ծանրաբեռնենք իրավապահ մարմիններին, ապա դա մեր հակառակորդների համար գործիք կհանդիսանա, որպեսզի մեր իրավապահ մարմիններին ծանրաբեռնենք այնքան, որ չկարողանան ուրիշ գործերով զբաղվել»։

Պատգամավորի ու Վիրաբյանի վեճը սկսվել է ծանրամարտի առաջնության բացման օրը, երբ դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը Ֆեյսբուքում ներողություն էր խնդրել միջազգային հանրությունից՝ հայտարարելով, թե «որպես քաղաքացի և պատգամավոր չի արել իրենից կախված առավելագույնը ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները»։

Նրա այս ձևակերպումները քննադատության արժանացան։ Տաթև Վիրաբյանի պնդմամբ՝ իր ծանոթներից մեկը նամակ էր գրել պատգամավորին՝ հարցնելով, թե ինչու է ներողություն խնդրել ու ստացել էր հայհոյախառն պատասխան։ Դրանից հետո Վիրաբյանն ինքն է որոշել գրել պատգամավորին։

«Իրականում չհավատացի, ասացի՝ միգուցե իր էջը չի, լավ նայի։ Երբ ուղակեց էջի հղումը, տեսա, որ ինքն է։ Ես փորձեցի սթափություն առաջացնել մոտը, սթափության կոչով… տեսել եք նամակագրությունը, ոչ մի հայհոյանք չկար իմ գրածի մեջ, պարզապես բարկությունս էի արտահայտել, որպեսզի սթափվի», - ասաց նա։

Վիրաբյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո Քարվաճառից Հայաստան է տեղափոխվել։ Ասում է՝ տուժել են պատերազմից և իրավունք ունեն հարցնելու՝ ինչու է պատգամավորը ներողություն խնդրում միջազգային հանրությունից, որն, օրինակ, պատժամիջոցներ չի սահմանել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, Արցախի չորսամսյա շրջափակման համար։ Պատգամավորի արդարացումը, թե ինքը չէ գրողը, երիտասարդ կնոջը չի համոզել։

«Հեքիաթի ժանրից է, Անդերսոնին անցավ ինքն երեկվա իր հարցազրույցով։ Բայց եթե նույնիսկ կոտրել են, հասարակ քաղաքացու ֆեյսբուքյան էջ չեն կոտրել, ԱԺ պատգամավորի էջ են կոտրել, նա պարտավոր է նախ և առաջ մեր անվտանգության համար դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի պարզեն՝ ով է կոտրել այդ էջը», - համոզված է Տաթև Վիրաբյանը։

Առաջինը հենց Աղազարյանը պետք է շահագրգիռ լիներ բացահայելու. իրավապաշտպան

Մինչ իշխանական պատգամավորը չի ուզում ծանրաբեռնել իրավապահներին ու պարզել, թե ով է, ինչպես պնդում է, իր անունից հայհոյանքներով նամակներ ուղարկում այլոց, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է՝ առաջինը հենց Աղազարյանը պետք է շահագրգիռ լիներ այս հարցում։

«Մենք այլ ապացույց չունենք, ինքն է առայժմ հեղինակը, ոչ ոք չէր կարող խլել նրա հեռախոսը և այնտեղ գրել։ Եթե նույնիսկ այդպես է եղել, նա առաջինը պետք է շահագրգիռ լիներ՝ պարզել և ներողություն հայտարարեր», - ասաց նա։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ հատկապես վերջին շրջանում իշխող թիմի ներկայացուցիչները հաճախ են աչքի ընկնում ոչ պատշաճ վարքագծով. - «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները որևէ ձևով չեն առանձնանում իրենց վարքագծով, իրենց վերահսկելու այդ ունակությամբ, որ սա կարելի՞ է ասել, թե՞ սա չպետք է ասել։ Բոլորը ինչ-որ մի ազատ վարքի մեջ են, որը միայն իրենց բացասական կերպարների մասին է խոսում»։

Առաժմ հայտնի չէ՝ արդյոք իշխող կուսակցությունը պատրաստվում է քննել Հովիկ Աղազարյանի վարքագիծը։

Հանրային գործիչներն ավելի զուսպ պետք է լինեն, ասում է իրավապաշտպանը՝ հիշեցնելով շաբաթներ առաջ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանի հետ քննարկումը, երբ իշխող ուժի պատգամավորները ոչ միայն վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել նրա հասցեին, այլև սպառնացել՝ «լեզուդ, ականջներդ կկտրեմ»։

Այս դեպքին նախորդել էր մեկ ուրիշը, երբ իրեն դավաճան անվանելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրաբար թքել էր դաշնակցական տղամարդու դեմքին։ Այս միջադեպից օրեր անց «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել էր դատախազություն՝ գործ հարուցելու համար, բայց դիմումից երկու շաբաթ անց Քննչական կոմիտեն եզրահանգել է՝ քրեական գործ հարուցելու հիմք չկա, թե ինչու, դեռ չեն պարզաբանում։

XS
SM
MD
LG