Պենտագոնից «Գաղտնի» և «Հույժ գաղտնի» մակագրությամբ պաշտոնական փաստաթղթերի արտահոսքի գործով առաջին ձերբակալվածը Ջեյք Թեյշեյրան է։ 21-ամյա երիտասարդը Միացյալ Նահանգների Ազգային գվարդիայի ռազմաօդային ստորաբաժանման աշխատակից է, երեկ ուշ երեկոյան այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը։
Դատախազի խոսքով՝ կասկածյալը ձերբակալվել է Մասաչուսեթս նահանգի Նորթ Դայթոն քաղաքում իրականացված հատուկ գործողության ընթացքում։ Հաղորդվում է, որ նա ոստիկաններին է հանձնվել առանց դիմադրության։ Գերլանդը երեկ տեղեկացրել է, որ ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվելու ազգային պաշտպանությանն առնչվող գաղտնի տվյալների ապօրինի ձեռքբերման և հրապարակման համար։
WikiLeaks-ից հետո ամերիկյան փաստաթղթերի ամենածավալուն արտահոսքի ենթադրյալ կազմակերպիչը, ըստ մի շարք լրատվամիջոցների, վիդեոխաղերի երկրպագուների շրջանում հայտնի Discord սոցիալական ցանցի մասնավոր չաթի խմբի ղեկավարն է։ Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ պարզել են, որ Թեյշեյրան հենց այդ սոցիալական ցանցի հարթակում է հրապարակել Պենտագոնի հարյուրավոր գաղտնի փաստաթղթերը։ The Washington Post- ի տվյալներով՝ այդ խմբում ներկայացուցիչներ կան նաև Ռուսաստանից և Ուկրաինայից։
Վերջին տասնամյակի ընթացքում ամերիկյան գաղտնի փաստաթղթերի ամենածավալուն արտահոսքը թեև սենսացիաներ և սկանդալներ չի հարուցել, այդուհանդերձ դրանցում զգայուն քննարկումների սղագրություններ են, քարտեզներ, լուսանկարներ և զեկույցներ, որոնց մեծ մասը վերաբերում է ռուս - ուկրաինական պատերազմին։ Փաստաթղթերը, մասնավորապես, բացահայտում են հակահարձակման նախապատրաստվող ուկրաինական ստորաբաժանումների խոցելի վիճակը, սպառազինության սղությունը, պատերազմող կողմերի կորուստները, ինչը Կիևն ու Մոսկվան թաքցնում են։
Տվյալներ են հրապարակվել նաև Վաշինգտոնի և դաշնակիցների՝ Ստամբուլից մինչև Սեուլ, միջպետական և ներքին հարաբերությունների մասին։ Որոշ փաստաթղթերում մանրամասներ կան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնավոր զրույցների վերաբերյալ, որոնք առնչվում են ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Մոսկվայի և Կիևի միջև ստորագրված ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքին։ Փաստաթղթերի բովանդակությանը ծանոթացած լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները քննադատում են աշխարհի գլխավոր դիվանագետին Մոսկվայի հետ հարաբերություններում մեղմ լինելու, ինչպես նաև գործարքի շրջանակներում արևմտյան պատժամիջոցների ցանկում հայտնված ռուսաստանյան ընկերությունների և պաշտոնյաների հետ համագործակցելու համար։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, երեկ առաջին անգամ մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարել է, թե իրեն մտահոգում է ոչ այնքան բացահայտված տվյալների բնույթը, որքան բուն արտահոսքի փաստը։ Փորձելով փարատել մտահոգություններն ու դաշնակից երկրների մայրաքաղաքներում առաջացած տարակարծությունները՝ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ գաղտնազերծումների գործնական ու քաղաքական հետևանքները հազիվ թե շատ լուրջ լինեն։
«Արտահոսքերն ինձ չեն մտահոգում։ Ավելի ճիշտ, ինձ մտահոգում է այն, որ նման բան տեղի է ունեցել։ Դրա հետ մեկտեղ, որևէ ընթացիկ տեղեկատվություն, որ մեծ նշանակություն կարող էր ունենալ, [այդ փաստաթղթերում] չկա», - ասել է նա։
ԱՄՆ ռազմական գերատեսչությունում համոզված են, որ հույժ գաղտնի տվյալների արտահոսքը կանխամտածված գործողությունների արդյունք է, հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փաթրիկ Ռայդերը՝ 21-ամյա զինվորականի արարքը որակելով դիտավորյալ հանցագործություն։
«Դա կանխամտածված հանցավոր արարք է»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ռայդերը՝ հավելելով, որ Պենտագոնը դեռ գնահատում է հրապարակված գաղտնի փաստաթղթերի ծավալներն ու պոտենցիալ վնասները։
Իսկ թե ինչպես են գերտերության թիվ մեկ ուժային կառույցի հույժ գաղտնի փաստաթղթերը հայտնվել 21-ամյա զինծառայողի տրամադրության տակ, հայտնի չէ։ Դեռևս հստակ չէ նաև հրապարակված փաստաթղթերի իրական ծավալը։ Մամուլում շրջանառվող գլխավոր հարցը ևս դեռ անպատասխան է՝ արդյո՞ք արտահոսքը կփոխի Ուկրաինայի հակահարձակման պլանները։
Ռուսաստանը գաղտնի փաստաթղթերի հրապարակումը «հետաքրքիր» է անվանել, Ուկրաինան պնդում է, որ տեղի ունեցածը ձեռնտու է միայն Ռուսաստանին, և որ հակահարձակումն ու օկուպացված տարածքների ազատագրումը անխուսափելի է։