Մատչելիության հղումներ

Հայաստանի ընդգրկումը «Defender 23»-ին Պենտագոնի մամուլի ծառայության ներքին թիմի վրիպակն էր․ Պենտագոն


Հայաստանի ընդգրկումը «Defender 23»-ին պարզապես Պենտագոնի մամուլի ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակն էր, «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում, նշել է Պենտագոնը։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում անցկացվելիք այդ զորավարժությունների մասնակիցների շարքում թվարկել էր նաև Հայաստանը, ապա խմբագրել էր հաղորդագրությունը՝ հեռացնելով Հայաստանը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը փոխանցել էր միայն, որ ընթացիկ տարում Հայաստանը պլանավորում է մասնակցել միայն Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։

Պենտագոնի կազմակերպած Defender զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից։ Հետխորհրդային երկրներից այս տարի դրանց ներգրավված են միայն Վրաստանը և Մոլդովան։ Մասնակից պետությունների շարքում են եվրոպական ևս 22 երկրներ, այդ թվում՝ Ալբանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը և այլն։

Այս զորավարժությունների նպատակն է ցուցադրել ԱՄՆ բանակի կարողությունները՝ արագ տեղակայել մարտունակ զորքեր և տեխնիկա՝ երաշխավորելու դաշնակիցների անվտանգությունը, զսպելու Եվրոպայում խաղաղությանը սպառնացողներին աշխարհամասը պաշտպանելու ագրեսիայից: Զորավարժությունները, ըստ ամերիկյան կողմի, նաև պետք է ցույց տան եվրոպական երկրների հանձնառությունը՝ մեծացնելու սեփական բանակի մասշտաբները, կարողությունները և փոխգործունակությունը:

Ակնկալվում է, որ մոտ 9 հազար ամերիկացի զինվորական է մեկնելու Եվրոպա՝ մասնակցելու զորավարժություններին։ Իսպանիայում արդեն տեղակայվում է ամերիկյան մոտ 7 հազար միավոր տեխնիկա, ևս 13 հազար միավոր էլ Եվրոպայում ամերիկյան տարբեր պահուստներից կգործարկվի։

Կոսովոյի ուժեր և Միաձուլված սուր զորավարժություններին Հայաստանը նախկինում մասնակցել է փոքրաթիվ զինվորականներով։ Թե քանի հոգի և հատկապես ինչ մասնագետներ այս անգամ կմասնակցեն ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող մյուս երկու միջոցառումներին, պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG