Հայաստանը վերապահումով է միացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ անցկացվող «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունված Հռչակագրին:
Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականը, Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնացել մեկ պարբերությունից, քանի որ այն «համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»:
Պարբերությունը, որից ձեռնպահ է մնացել պաշտոնական Երևանը, հետևյալն է.
«Մենք վերահաստատում ենք մեր ամուր վճռականությունը՝ աջակցելու աշխարհի այն երկրներին և ժողովուրդներին, որոնք հավատարիմ են ազատության և ժողովրդավարության արժեքներին՝ ընդդեմ դրանք խարխլելու ուղղակի կամ անուղղակի փորձերի կամ սպառնալիքների: Մենք ընդունում ենք ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային
վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Մենք ընդունում ենք պետությունների անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի: Մենք ընդգծում ենք Ուկրաինայում հնարավորինս շուտ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու անհրաժեշտությունը ՄԱԿ-ի
կանոնադրության սկզբունքներին համապատասխան: Մենք ցավում ենք
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքների և մարդասիրական սարսափելի հետևանքների համար, ներառյալ ողջ Ուկրաինայում կրիտիկական ենթակառուցվածքների դեմ շարունակական հարձակումները, որոնք ավերիչ հետևանքներ ունեն խաղաղ բնակչության համար, և մեր խորը մտահոգությունն ենք հայտնում քաղաքացիական զոհերի մեծ թվի կապակցությամբ, ներառյալ կանանց և երեխաների, մարդասիրական օգնության կարիք ունեցող ներքին տեղահանված անձանց և
փախստականների թվի, ինչպես նաև երեխաների նկատմամբ կատարված խախտումների ու բռնությունների կապակցությամբ: Մենք խորապես մտահոգված ենք համաշխարհային պարենային անվտանգության, էներգետիկայի, միջուկային անվտանգության և ապահովության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա պատերազմի անբարենպաստ ազդեցությամբ: Մենք պահանջում ենք, որ
Ռուսաստանը անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքից և կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում զինված հակամարտության կողմերին հավատարիմ մնալ միջազգային
իրավունքով, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին: Մենք նաև կոչ ենք անում ամբողջությամբ փոխանակել ռազմագերիներին, ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին և վերադարձնել բոլոր ներկալվածներին և բռնի տեղափոխված և արտաքսված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներին։ Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի տարածքում միջազգային իրավունքով լրջագույն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելը՝ ազգային կամ
միջազգային մակարդակով պատշաճ, արդար և անկախ հետաքննությունների և քրեական հետապնդումների միջոցով, ինչպես նաև բոլոր զոհերի համար արդարադատության ապահովումը և ապագա հանցագործությունների կանխարգելումը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ելույթ է ունեցել առցանց ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին: