Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել պաշտպանության նախարարի նորակառույց բնակարանի շուրջ


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, արխիվ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, արխիվ

Հետաքննող լրագրողների հրապարակումներից հետո Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել պաշտպանության նախարարի նորակառույց բնակարանի շուրջ:

Սուրեն Պապիկյանն անցած տարի վարկով 165 քառակուսի մետրանոց բնակարան է գնել Երևանի կենտրոնում գտնվող Բյուրեղ թաղամասում: Լրագրողներն ուսումնասիրել էին գործարքն ու կոռուպցիոն ռիսկեր տեսել: «Հետք»-ի լրագրողները, մասնավորապես, պարզել են, որ նախարարը վեց ամիս առաջ այդ բնակարանի համար վճարել է 69 մլն դրամ, այնինչ նույն այդ թաղամասում հիմա նույն մակերեսով բնակարանը վաճառվում է երկուսուկես անգամ ավելի բարձր գնով: Պարզվել էր նաև, որ շահավետ գործարքը կնքվել է «Ջերմուկ գրուպի» հետ:

Ընկերությունը պատկանում է նախկին հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանին, որի որդու դեմ թավշյա հեղափոխությունից հետո քրեական գործ էր հարուցվել՝ բանակից ազատվելու դեպքով, հետո էլ՝ կարճվել էր պատճառաբանությամբ, թե զինվորական ծառայությունից ազատվելը եղել է օրինական։ Քրեական պատասխանատվությունից ազատված Արսենյանը նախորդ ընտրություններում գլխավորել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակն ու դարձել Ջերմուկի քաղաքապետ:

«Ո՞վ է կառուցապատողը, այս համատեքստը շատ կարևոր է, ի՞նչ քաղաքական դիրքում է հիմա գտնվում, ի՞նչ դիրքում էր գտնվել, ի՞նչ քաղաքական-տնտեսական ազդեցություն ունի երկրում, այդ համատեքստում, որ նայում ենք, կարծում եմ, որ կասկածներ են առաջանում առնվազն, որ այս գործարքը թափանցիկ չի, այս գործարքի մեջ կոռուպցիոն տարրեր կան», - ասաց հրապարակման հեղինակ Տիրայր Մուրադյանը:

Լրագրողը նաև այլ փաստ է առանձնացնում՝ «Ջերմուկ գրուպի» սեփականատիրոջ որդին Ջերմուկի համայնքապետ է դարձել 2021 թվականին։ Նույն այդ տարվա ընթացքում էլ պաշտպանության նախարարը բնակարան է ամրագրել նրանց կառուցած թաղամասում` այսօրվա սակագնից զգալիորեն ցածր արժեքով: Ինքը՝ Սուրեն Պապիկյանը, չի հերքում, որ այսօրվա համեմատ, էժան է գնել բնակարանը, միաժամանակ ընդգծում՝ ամեն ինչ եղել է օրինական: Նախարարը, մասնավորապես, պնդում է, թե ինքը, ճիշտ է, անցած տարվա ամռանն է գնել բնակարանը, բայց ամրագրումն արել է դրանից մեկ տարի առաջ, երբ շենքը կառուցված չէր, սակագներն էլ ցածր էին՝ բոլորի համար:

«Ես դա ամրագրել եմ 2021 թվականին, փաստաթուղթը ուզել եմ նաև համապատասխան կառուցապատողից, եթե անհրաժեշտություն լինի, դա կհրապարակեմ կամ կտրամադրեմ այն մարմիններին, ովքեր դրանով զբաղվում են», - ասաց Պապիկյանը:

Հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը հարցնում է՝ այդ ո՞ր մի կառուցապատողն է մոտ մի տարի ժամանակ տալիս բնակարանն ամրագրողին, որ հետո պայմանագիր կնքի՝ գնման իրավունքի մասին։ Դա ձեռնտու չէ կառուցապատողին, ասում է։

«Էդ որ մի կառուցապատողն է մի տարի սպասում այդ ամրագրմանը, որ հետո վաճառի տվյալ շահառուին կամ բնակարան գնել ցանկացողին: Այդպիսի կառուցապատող ինձ հայտնի չի», - նշեց նա:

«Ազատության» հետ զրույցում, կառուցապատողներից մեկը, չներկայանալու պայմանով, պատմեց, որ ամրագրման դեպքում կնքվում է այսպես կոչված՝ ամրագրման պայմանագիր, հնարավոր գնորդը վճարում է մինչև մեկ միլիոն դրամ, ու սկսում անհրաժեշտ փաստաթղթեր հավաքել՝ բնակարանը գնելու կամ հիպոթեքային վարկ ձևակերպելու համար: Շարքային քաղաքացիների դեպքում, ըստ մեր զրուցակիցների, այս գործընթացը կարող է տևել առավելագույնը 15 օր՝ մինչև բանկը ձևակերպի հիպոթեքը։

Նախարարին, սակայն, «Ջերմուկ գրուպն» ամիսներ է տվել: Ներկայանալով որպես սովորական գնորդ, ընկերությունից հետաքրքրվեցինք՝ «մեզ է՞լ կտան նման հնարավորություն», պատասխանեցին՝ «ոչ». - «Ամրագրում եք, ամենաշատը կարող ենք մեկ շաբաթ պահել ամրագրումը, հետո պետք է պայմանագիր կնքենք»:

«Արգո ռիելթի» անշարժ գույքի գործակալությունում, որ զբաղվում է նորակառույցների վաճառքով, նույն պատասխանը տվեցին։ Ասացին՝ ոչ մի կառուցապատող մի քանի շաբաթից ավելի չի կարող բնակարանը ամրագրած պահել. - «Էդպես չի կարելի, որովհետև գնային սահմանը բարձրանում է, կառուցապատողը էդ բնակարանը 100 անգամ կանխիկով կամ վարկով արդեն վաճառած կլիներ»:

Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել Պապիկյանի բնակարանի ամրագրումը` ո՛չ կառուցապատողը, ո՛չ նախարարը առայժմ չեն հայտնում: «Ջերմուկ գրուպը» միայն պնդում է, թե 1300 բնակարան ունեցող նորակառույց այդ թաղամասում քառակուսի մետրի դիմաց մոտ հազար դոլար գնով տներ է վաճառել ոչ միայն Սուրեն Պապիկյանին, այլև մոտ 300 այլ քաղաքացու` շինարարության իրականացման ավելի վաղ փուլերում: Ընկերությունը, սակայն, չի մանրամասնում` արդյո՞ք նրանց բոլորին է հնարավորություն տրվել Պապիկյանի նման բնակարանն ամրագրել ցածր գնով, իսկ առուվաճառքի գործարքը կնքել ամիսներ անց, երբ գները անհամեմատ բարձրացել էին:

Դատախազությունն այժմ ուսումնասիրում է այս փաստերը։

Հետաքննության հեղինակ Տիրար Մուրադյանը, սակայն, թերահավատ է այդ ուսումնասիրության հարցում, փաստելով` երկրի ղեկավարը շաբաթասկզբի ասուլիսում, առանց այդ քննության արդյունքներին սպասելու արդեն հայտարարել է, որ գործարքում որևէ խնդրահարույց բան չի տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG