Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, որն իշխանություններին հրապարակավ կոչ էր արել հրաժարվել աղմկահարույց դատաիրավական բարեփոխումներից։
Նեթանյահուի վարչակազմի նախաձեռնության դեմ բողոքի ցույցերը երրորդ ամիսն է չեն մարում։ Կառավարությունը մտադիր է սահմանափակել Գերագույն դատարանի լիազորությունները, որն իրավունք ունի արգելափակելու խորհրդարանի որոշումները։
Շաբաթ օրը հեռուստատեսային ելույթում նախարար Գալանտը հայտարարել է, որ դատական փոփոխությունների առաջարկը հասարակության մեջ հսկայական պառակտում, ինչպես նաև զայրույթ, ցավ և հիասթափություն է հարուցել, որը տարածվել է բանակում: «Սա հստակ, անմիջական և շոշափելի սպառնալիք է պետության անվտանգությանը», - շեշտել էր Իսրայելի այժմ արդեն նախկին պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ հրաժարվում է աջակցել կառավարության նախաձեռնությանը:
Գալանտի պաշտոնանկությունից հետո՝ կիրակի օրը հազարավոր քաղաքացիներ կրկին փողոց են ոդւրս եկել, Թել Ավիվում ցուցարարները փակել են գլխավոր մայրուղին և մեծ խարույկներ վառել, նույն ժամերին ոստիկանությունը բռնի ուժով ցրել է Երուսաղեմում Նեթանյահուի առանձնատան մոտ հավաքված ցուցարարներին։