Մատչելիության հղումներ

Ստեփանակերտից արձագանքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը


Ռուս զինվորականները Լաչինի միջանցքում
Ռուս զինվորականները Լաչինի միջանցքում

«Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և կեղծ տեղեկատվական հող նախապատրաստել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հետագա սադրանքների համար», - արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումներին, հայտարարել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր երկու անգամն հայտարարություն է տարածել, պնդելով, թե Ղարաբաղում հայկական ուժերը «ապօրինի գործունեություն են իրականացնում»։

Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմն այս փաստն օգտագործել է այն համատեքստում, թե իբր հայկական կողմը նպատակ ունի օգտագործել նշված ճանապարհը զենք-զինամթերք տեղափոխելու նպատակով։

Ընդգծելով, որ Բաքուն հայտարարել է, թե իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ, գերատեսչությունը նշում է, որ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են և փաստական ապացույցներ ներկայացրել առ այն, որ նշված ճանապարհն օգտագործվում է միայն ու միայն քաղաքացիական անձանց տեղաշարժի և հումանիտար բեռների փոխադրման նպատակով։

«Այդ ճանապարհի քաղաքացիական նշանակության փաստն անառարկելիորեն ապացուցվել է նաև մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետևանքով, երբ ադրբեջանական ահաբեկչական խումբը, իբր թե զենքի տեղափոխում կանխելու նպատակով, հարձակվել և սպանել է Ստեփանակերտից Շուշիի շրջանի համայնքներ մեկնող և քաղաքացիական ծառայություն իրականացնող ոստիկաններին: Ավելին՝ Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր լեռնային և բարդ ռելիեֆ ունեցող ճանապարհը կապում է Շուշիի շրջանի մի շարք համայնքներ (Լիսագոր, Եղցահող, Հին շեն ու Մեծ շեն) Արցախի մայրաքաղաքի ու մյուս բնակավայրերի հետ: Այն Շուշիի արգելափակված մայրուղին շրջանցող միակ միջհամայնքային ուղին է, որտեղ անհրաժեշտ է իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ՝ համեմատաբար անվտանգ ու մատչելի երթևեկություն ապահովելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG