Ձայների 28 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ, Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ ընդդիմադի «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի նիստերի օրակարգ։
Շեշտելով, որ արդեն 100-րդ օրն է մոտենում Լաչինի միջանցքի շրջափակման՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դրսևորման, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ - «Ցավում եմ, որ ևս մեկ անգամ մենք պետք է արձանագրենք, որ չենք կարողանում այնուամենայնիվ մեր պետականության համար հույժ կարևորագույն հարցերի վերաբերյալ ունենալ միասնական տեսակետ»։
Նախագիծը բացասական եզրակացության է արժանացել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։
Հիշեցնելով, որ խորհրդարանը դեկտեմբերին ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նախքան քվեարկությունը շեշտեց՝ այդ հայտարարությունը շարունակում է ուժի մեջ մնալ։
Վարման կարգով իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հայտարարեց, որ չեն մասնակցի հարցի քվեարկությանը։