«Առավոտ» օրաթերթի Google-ի օգտահաշիվը վերականգնվել է, այն, սակայն, դեռևս չի օգտագործվում, տեղեկացանք առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանից:
«Հաջորդ փուլն այն է, որ պետք է Google-ին դիմել, որ փորձենք վերականգնել տեսանյութերը», - ասաց Իսրայելյանը:
«Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում», հայաստանյան ամենահին լրատվամիջոցներից «Առավոտ»-ի յութուբյան ալիքը կոտրվեց ու առևանգվեց, երբ այս վերնագրով անոնս հայտնվեց «Առավոտ»-ի առցանց հարթակում։ Աննա Իսրայելյանն ասում է՝ մեր օրերի չաղ-չաղ թագավորների մասին պատմող մեծ ռեպորտաժը մարտի 14 -ին երեկոյան 9-ին պիտի հրապարակվեր, 7:15-ից սկսեցին նամակներ ստանալ գաղտնաբառի փոփոխությունների մասին, ալիքն անցավ ուրիշ մարդկանց հսկողության տակ:
«Հետո տեսանք, որ փոխեցին ալիքի անվանումը, դարձրեցին «տեսլա լայֆ», հեռացրեցին գլխավոր էջի ամբողջ պարունակությունը», - պատմեց խմբագիրը:
Ու սկսել են ջնջել էջի 12 տարվա բովանդակությունը, բայց, ըստ Աննա Իսրայելյանի՝ սկզբում ծաղկաքաղ անելով, իշխանականներին չէին ջնջում. - «Բայց երբ որ ես այդ մասին գրեցի ֆեյսբուքյան էջում, որ զարմանալի զուգադիպությամբ էս տեսանյութերն են մնացել, ջնջվեց նաև ամբողջ պարունակությունը»:
CyberHUB -ի թիմի օգնությամբ ուշ երեկոյան ալիքը վերադարձվեց «Առավոտ»-ին։ Թվային աջակցության այս հարթակի համահիմնադիր Արթուր Պապյանի տեղեկացմամբ՝ հավանական հաքերները ներթափանցել են «Առավոտ»-ի համակարգիչներից մեկը և դրանով հասանելիություն ստացել դեպի էջ ու փոխել գաղտնաբառը, տեղադրել իրենց սեփական անվտանգության բանալին։ Թվային բազմաթիվ հանցագործությունների հետ գործ ունեցած մասնագետը այս ներխուժումը ուշագրավ է համարում:
«Օգտագործել են ֆիզիկական անվտանգության բանալի, դա հատուկ սարք է և նման սարքի օգտագործումը վկայում է այն մասին, որ հաքերները նպատակ են ունեցել, այսպես կոչված, երկարաժամկետ վերահսկողություն հաստատել օգտահաշվի վրա և ոչ մի դեպքում դրա մուտքը չզիջել հետ՝ «Առավոտ»-ին», - ասաց Պապյանը:
Ներխուժման հասցե Գերմանիան է երևացել, բայց, ըստ Արթուր Պապյանի, կարելի է այնտեղ սերվեր վարձել ու գրոհել, հետքերը թաքցնելու համար։
Առցանց «Առավոտ»-ի խմբագիրը վստահ է, սա ոչ թե պարզ հաքերային հարձակում է, այլ՝ թիրախային։ Համադրում է փաստերը ու քաղաքական վարկածը հերքել չի կարողանում։ Ասում է՝ նախադեպեր եղել են, այդ գործիքակազմ իշխանությունը կիրառել է։
«Ես հիշում եմ դեռ 2018-ին շրջաբերականի պես շրջում էր որոշակի կայքերին վնասելու՝ իրենց հաջորդող գործողությունների քայլերով, թե ինչ անել, որպեսզի իրենց էջը շարքից դուրս գա։ Էդ մարդիկ հետո բավական բարձր պաշտոններ են ստացել, այսօր պատգամավոր են», - նշեց Աննա Իսրայելյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը դատապարտում է այն, ինչ պատահել է «Առավոտ»-ի յութուբյան էջի հետ, պնդում՝ իրենք կապ չունեն. - «Այն հաղորդումը, որի մասին խոսում է տիկին Իսրայելյանը, դրա անոնսը տեղադրվել է իրենց ֆեյսբուքյան էջում, որն ունի 280 հազար հետևորդ, այնտեղ 7-8 ժամում հավաքել է 8 լայք, այսինքն՝ բացարձակ ուշադրության չի արժանացել և պնդել, որ ֆեյսբուքյան էջում 280 հազար հետևորդ ունեցող էջում հրապարակված ու 8 լայք հավաքած տեսանյութի անոնսի համար կոտրվել է իրենց յութուբյան էջը, իմ մոտ բացի ծիծաղից ոչ մի զգացմունք չի առաջացնում»:
Հաղորդման անոնսը կարող էր ոչ ոք չլայքել ու հետո հաղորդումը դիտել, ի՞նչ տրամաբանություն է, զարմանում է Աննա Իսրայելյանը:
«Պարոն Ալեքսանյանը, ենթադրում է, որ մենք ունակ էինք ինչ-որ հաղորդում գովազդելու համար ոչնչացնել մեր 12 տարվա աշխատանքը և մեր ալիքը կորցնե՞լ, ես շնորհավորում եմ իրեն ստեղծագործական բուռն երևակայության համար», - ընդգծեց Իսրայելյանը:
10 լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Այդտեղ «մտահոգիչ զուգադիպություն» են անվանում հաքերային գրոհները, որոնք հաջորդում են իշխանություններին ուղղված քննադատությանը։
«Ստացվում է, որ լրատվամիջոցը, որը լուրջ հիմնավորումներ է գտնում տարբեր կոռուպցիոն ռիսկերի մասին և պատրաստվում է հրապարակել որևէ նյութ, հետևում է այդպիսի շատ ծանր հարձակում, ընդ որում, «Առավոտ»-ի դեպքում դա նաև ամբողջ արխիվի ոչնչացումն է, ինչը լրատվամիջոցի համար ծանր հարված է», - ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանը հիշեցնում է այս տարվա հունվարին էլ «Իրազեկ քաղաքացիների միավորման» յութուբյան ալիքը հարձակման տակ ընկավ։ Այս երկու դեպքերում ձեռագիրը տեխնիկական ընդհանրություններ ունի:
Ոստիկանությունից ու դատախազությունից տեղեկացանք, որ «Առավոտ»-ի գործով հաղորդում չեն ստացել, իրավական որևէ գործընթաց չկա։ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ իրենց հայտարարությունը ոստիկանություն կուղարկեն որպես պաշտոնական հաղորդում հանցագործության մասին։