Մատչելիության հղումներ

Խմբագիրը «Առավոտի» յություբյան ալիքը կոտրելու քաղաքական վարկածը չի բացառում, ՔՊ-ական պատգամավորը դա ծիծաղելի է որակում


«Ինչպես և որքան հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում»․ հայաստանյան ամենահին լրատվամիջոցներից մեկի՝ «Առավոտի» յութուբյան ալիքը կոտրվեց ու առևանգվեց, երբ այս վերնագրով անոնս հայտնվեց «Առավոտի» առցանց հարթակում։

Խմբագիր Աննա Իսրայելյանն ասում է՝ մեր օրերի «չախչախ թագավորների» մասին պատմող մեծ ռեպորտաժը մարտի 14-ին երեկոյան 9-ին պիտի հրապարակվեր, 07։15-ից սկսեցին նամակներ ստանալ գաղտնաբառի փոփոխությունների մասին, ալիքն անցավ ուրիշ մարդկանց հսկողության տակ։

«Հետո տեսանք, որ փոխեցին ալիքի անվանումը, դարձրեցին «Տեսա յալֆ», ես ինչ ասում եմ ամբողջի սքրինշոթերն ունեմ։ Հեռացրեցին գլխավոր էջում ամբողջ պարունակությունը», - ասաց «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիրը։

Ու սկսել են ջնջել «Առավոտի» յութուբյան էջի 12 տարվա բովանդակությունը, բայց, ըստ Աննա Իսրայելյանի, սկզբում ծաղկաքաղ անելով՝ իշխանականներին չէին ջնջում։

«Բայց ես, որ էդ մասին գրեցի ֆեյսբուքյան էջում, որ զարմանալի զուգադիպությամբ էս տեսանյութերն են մնացել, ջնջվեց նաև ամբողջ պարունակությունը», - փոխանցեց Իսրայելյանը։

«Առավոտի» խմբագիրը չի բացառում, որ սա հաքերային հարձակում է, բայց երբ այս ամենին գումարում է նաև վարչապետ Փաշինյանի ասուլիսին «Առավոտի» լրագրողի հարցին հետևած արձագանքները, քաղաքական վարկածը հերքել չի կարողանում։ Ասում է՝ նախադեպեր եղել են, այդ գործիքակազմն իշխանությունը կիրառել է նախկինում։

«Ես հիշում եմ դեռ 2018-ին շրջաբերականի պես շրջում էր որոշակի կայքերին վնասելու՝ իրենց հաջորդող գործողությունների քայլերով, թե ինչ անել, որպեսզի իրենց էջը շարքից դուրս գա։ էդ մարդիկ հետո բավական բարձր պաշտոններ են ստացել, այսօր պատգամավոր են», - ասաց Իսրայելյանը։

Իշխանական պատգամավորը պնդում է՝ իրենք կապ չունեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը դատապարտում է այն, ինչ պատահել է «Առավոտի» յութուբյան էջի հետ, պնդում՝ իրենք կապ չունեն։

«Էն հաղորդումը, որի մասին խոսում է տիկին Իսրայելյանը, դրա անունսը տեղադրվել է իրենց ֆեյսբուքյան էջում, որն ունի 280 հազար հետևորդ «Առավոտի» էջն, էնտեղ 7-8 ժամում հավաքել է 8 լայք, այսինքն՝ բացարձակ ուշադրության չի արժանացել, և պնդել, որ ֆեյսբուքյան էջում, 280 հազար հետևորդ ունեցող էջում, հրապարակված և 8 լայք հավաքած տեսանյութի անոնսի համար կոտրվել է իրենց յություբյան էջը, իմ մոտ բացի ծիծաղից ուրիշ ոչ մի զգացմունք չի առաջացնում», - ասաց Վահագն Ալեքսանյանը։

Հաղորդման անոնսը կարող էր ոչ ոք չլայքել ու հետո հաղորդումը դիտել, ի՞նչ տրամաբանություն է, զարմանում է Աննա Իսրայլեյանը։

Այժմ մասնագետների հետ աշխատում են ալիքի վերականգնման ուղղությամբ, դիմել են Google-ին, YouTube-ին։ Հայաստանյան իրավապահներին չեն դիմել, որովհետև խմբագիրը չի հիշում մի դեպք, որ կիբեռհանցագործությունը բացահայտված լինի։ Իսկ «չախչախ թագավորների» պատմությունը կներկայացնեն «Առավոտի» ֆեյսբուքյան էջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG