Մատչելիության հղումներ

Կրթության նախարարը Բրյուսովի ռեկտորի պաշտոնակատարին ներկայացրեց ոստիկանների հսկողությամբ


Ամիսների դադարից հետո Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Նա և կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ մտան դահլիճ, որտեղ դասախոսական կազմն էր հավաքված, և որտեղ հարցուպատասխանն էր ընթանում։

Բուհի ուսանողները դեմ են, որ կառավարությունը շրջանցի ընտրության արդյունքներն, ու ինչպես իրենք են ասում, սեփական թեկնածուին ղեկավար կարգի։ Ուսանողներն այսօրվանից դասադուլ են անում, ասում են՝ շարունակելու են։

Կրթության նախարարն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը արտառոց պաշտպանությամբ էին բուհ հասել, քանի որ ուսանողներն առավոտվանից դասադուլ են սկսել, համարում են, որ նշանակումը ապօրինի է։ Այն չի քննարկվել բուհի դասախոսների ու ուսանողների հետ։

«Մենք պահանջում ենք, որ մեզնից թաքուն ոչ մի գործընթաց չիրականացվի», - ասում են ուսանողները։

Դավիթ Գյուրջինյանը չորս ամիս առաջ այստեղ պայքարում էր ռեկտորի պաշտոնի համար, բայց պարտվեց, չորս ձայնով զիջեց գործող ռեկտոր Կարինե Հարությունյանին։ Քվեարկության արդյունքներից հետո պաշտոններից ազատվեցին հոգաբարձուների խորհրդի նախագահն ու կրթության նախարարը։ Չհաստատվեցին քվեարկության արդյունքները, իրավական գործընթաց սկսվեց, կառավարությունը խորհուրդը լուծարեց, կասեցվեց ընտրված ռեկտորի նշանակումը։

«Ես բավական դիմացկուն եմ, չնայած իմ տարիքին։ Այսօր շահարկում էին, որ ինչու է այդ տարիքի մարդը գալիս այստեղ։ Ես բավական երիտասարդ եմ՝ 60 տարեկան և գալիս եմ եռանդով աշխատելու։ Կուզենայի, որ դուք էլ եռանդով աշխատեք», - ասաց նա իր ելույթում։

Կրթության նախարարության ենթակա Lեզվի կոմիտեի ղեկավար Գյուրջինյանն այսօր նշանակվեց արդարադատության նախարարի ձևավորած խորհրդով, որտեղ ոչ մի բրյուսովական չկա։ Նախագահը կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն է, անդամները՝ արդարադատության փոխնախարարն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

«Մենք ներկայացրել ենք պարոն Գյուրջինյանի թեկնածությունը, որը շատ տրամաբանական եմ համարում և համարում եմ տրամաբանական գործընթացի հետևանք, որովհետև պարոն Գյուրջինյանը բուհի համար նոր մարդ չէ, ինքն ունի այստեղ ավելի քան երկու տասնյակ տարիների աշխատանքի փորձ», -ասաց նախարարը։

«Այստեղ եկածների մեծ մասը, ես զգում եմ, որ հարգանքից և համակրանքից ելնելով է եկել, նաև այս կայացած որոշման առթիվ։ Ըմբռնումով եմ մոտենում, որ ոմանք դժգոհ են, դա բնական է», - ասաց ռեկտորի պաշտոնակատարը։

Ուսանողներն ու պրոռեկտորը պնդում են, թե իշխանությունն ամեն գնով նշանակեց Գյուրջինյանին, որ միավորի ֆիզկուլտինստիտուտը, մանկավարժականն ու Բրյուսովը, ինչի դեմ իրենք պայքարում են։ Գյուրջինյանը բացատրեց, որ միավորումը կառավարության նախագիծն է, իսկ մեղադրանքը, թե նպատակ ունի լուծարել բուհը, կեղծ է։

«Մեջբերումներ եմ անում՝ «Գյուրջինյանը գալիս է լուծարելու Բրյուսովի համալսարանը»։ Գյուրջինյանը չի ուզենա դա անել նաև անձնական դրդապատճառներով՝ իմ երկու դուստրերն ավարտել են այս համալսարանը։ Պիտի ասեն, որ ավարտել են մի բուհ, որը փակվե՞ց, լուծարվե՞ց, և դա իրենց հոր ձեռքով արվե՞ց, դա անմտություն է», - նշեց նա։

Մինչ այս ռեկտորի պարտականությունները կատարում էր պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։ Հանդիպումը թեժանում էր հատկապես նրա ու նախարարի երկխոսության ժամանակ։ Ակոպյանը համարում էր, որ նախարարը խախտել է իր իսկ փոխած կանոնադրությունը, որով մինչև նոր ընտրությունները պարտականությունները պետք է կատարեր Ակոպյանը։ Ինչո՞ւ այս կանոնադրությունը շրջանցեցին, հարցնում էր Ցոլակյանն ու սպառնում, որ դատարանում կվիճարկի հարցը. - «Ես վաղը ինքս պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել, բաց ասեմ, որովհետև այս պահին խախտվեց իմ իրավունքը, որովհետև կանոնադրության համաձայն՝ ես պետք է կատարեի պարտականություններ, մինչև ռեկտորի մրցույթի անցկացում՝ կառավարության հաստատում»։

Ժաննա Անդրեասյանը պարզաբանում էր, թե ստիպված են կանոնադրությունը փոխել, ոչր չխաթարվի բուհի բնականոն աշխատանքը։ Նա էլ պրոռեկտորին հակադարձում էր սպասվող դատական հայցերով. - «Եվ ինչպես Դուք եք պատրաստվում ստուգել մեր կայացրած որոշման իրավաչափությունը, վստահ եղեք, որ մենք էլ շատ մանրազննին նայելու ենք այս ընթացքում բուհի ներսում ամենատարբեր գործընթացներում իրականացված, կայացված որոշումների, հրամանների, կարգադրությունների իրավաչափությունը»։

Դռներից դուրս հավաքված ուսանողները նիստին չէին կարողանում հետևել, դահլիճում տեղ չկար։ Նրանք պնդում էին, որ չեն հաշտվի այս նշանակման հետ։ Ընտրությունների արդյունքներով հաստատվեցին, որ Գյուրջինյանը չէր Բրյուսովում ցանկալի թեկնածուն, ասում էին ուսանողներն ու խոստանում պայքարը, դասադուլը շարունակել. - «Դասադուլը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև կառավարության, նախարարության ներկայացուցիչները պատշաճ վերաբերմունք չցուցաբերեն մեր հանդեպ»։

«Այս պայքարը նրա դեմ չէ, այլ խնդիրն այն է, որ որոշումները կայացվում են փակ դռների հետևում՝ գաղտնի ստորագրություններով, գաղտնի որոշումներով», - ասաց մեկ այլ ուսանող։

Վերընտրված ռեկտորն էլ ձեռքերը ծալած չի նստել, նա էլ է դիմել դատարան ու պահանջում է, որ կառավարությունը հաստատի դեկտեմբերի 9-ի ընտրության արդյունքները։

XS
SM
MD
LG