Մատչելիության հղումներ

Երեխաների շրջանում ունենք 95 տոկոս պատվաստումային ցուցանիշ այս պահի դրությամբ. փոխնախարարը՝ կարմրուկի մասին


Կարմրուկը, հանդիսանալով խիստ վարակիչ հիվանդություն, կարող է մեծ բռնկում առաջացնել, կարող է նույնիսկ շատ բարդություններով ընթանալ, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Այսօր 46 անձ է վարակված այս պահին, եթե չլիներ տարիների ընթացքում պատվաստումների շնորհիվ ձևավորված իմունային շեմը, այս պահին շատ ավելի մեծ քանակով հիվանդներ կունենայինք», - ասաց նա՝ հավելելով, որ 46 վարակակիրներից 43-ը պատվաստված չեն, նրանք մինչև երեք տարեկան և 40 ու ավելի բարձր տարիքի անձինք են։

«Միևնույն է՝ ավելի շատ երեխաներ են, ովքեր պատվաստում չեն ստացել, ովքեր մինչև մեկ տարեկան են։ Հաշվի առնելով այս իրավիճակը՝ սահմանել ենք թիրախ խմբեր, ովքեր պետք է առաջնային պատվաստվեն», - նշեց նա։

Մեկ դեղաչափը ապահովում է որոշակի պաշտպանվածություն, բայց այն բավականաչափ չէ, այսինքն՝ կայուն իմունիտետ չի դրսևորում, պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասաց Նանուշյանը։

«Մեզ համար կարևոր է, որ այն բոլոր մեկ տարեկանները, ովքեր պետք է մեկ տարեկան ստանային իրենց առաջնային դեղաչափը, սակայն չեն ստացել, իրենք պետք է անպայման պատվաստվեն։ Ինչ վերաբերում է մինչև մեկ տարեկան երեխաներին, մեզ համար թիրախ են հանդիսանում կոնտակտավոր երեխաները մինչև մեկ տարեկան», - նշեց նա։

Փոխնախարարը նաև ասաց, որ կերակրող մայրերը կարող են պատվաստվել ու փոխանցել իմունիտետը իրենց մինչև վեց ամսական երեխաներին կրծքով կերակրելու դեպքում. - «Ինչ վերաբերում է ծնողներին, ովքեր հրաժարվում են, իհարկե մենք փորձում ենք բացատրական աշխատանքներ տանել, բայց մեծամասամբ բոլոր այն կոնտակտավոր երեխաները, ովքեր պատվաստված չեն եղել, մեզ մոտ հրաժարում չի գրանցվել, բոլորը պատվաստվել են»։

«Երեխաների շրջանում ունենք 95 տոկոս պատվաստումային ցուցանիշ այս պահի դրությամբ, հենց կարմրուկի առնչությամբ եմ ասում, այսինքն՝ 95 տոկոս մեր երեխաները՝ մեկ տարեկան, վեց տարեկան պատվաստված են։ Կարելի է ասել, որ խոցելի են այդ երեխաների շրջանում ովքեր որ դուրս են մնացել, չեն ստացել իրենց դեղաչափերը մեկ տարեկան և չորսից վեց տարեկան երկրորդ դեղաչափը, և այն մարդիկ, ովքեր մեծահասակ են և չեն մասնակցել այդ արշավին»։

Նախկին նախարար, իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, թե հարկ չկա՞ օրենսդրորեն արգելել չպատվաստված երեխաների հանրակրթական հաստատություններ հաճախելը, ինչը շատ երկրներ կիրառում են, փոխնախարարն ասաց, որ այս հարցով քննարկումների ընթացքում միշտ նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել, թե այսօր մեր իմունիզացիայի կարգավիճակն ինչպիսին է, և ինչպիսին է այդ նորմը կիրառող երկրներում։ Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի, ասաց նա։

Լենա Նանուշյանն ասաց, որ արդեն սկսվել է հակապատվաստումային արշավը, սակայն նկատեց՝ կա ապացուցողական գիտություն, և կորոնավիրուսային հիվանդության պատվաստումներն էլ ցույց տվեցին, որ այն նվազեցնում է դեպքերի թիվը։

«Այսօր բազմաթիվ վերլուծություններ, գիտական աշխատություններ կան, որ պետք էր պատվաստվել, որպեսզի խուսափեինք մեծաթիվ մահվան դեպքերից։

Մենք հիմա փորձում ենք ավելի շատ իրազեկված համաձայնություն ստանալ բժշկական միջամտության համար», - նշեց նա։

XS
SM
MD
LG