Մատչելիության հղումներ

Կոտայքում տրանսպորտը գրեթե կրկնակի թանկացել է


«Սա մի նոր բեռ է», - դժգոհում են առանց այն էլ բարձր գնաճից տուժած քաղաքացիները։ Ծառուկյանների ընտանիքին պատկանող տրանսպորտային ընկերությունից արձագանքում են, թե այլ տարբերակ չունեին։

Մարզկետրոն Աբովյանից 9 կիլոմետր հեռու գտնվող Զառ գյուղի կանգառում վարորդը նկարահանվել ու խոսել չի ուզում, բայց տեսախցիկի հետևում անկեղծանում է՝ թանկացումը մեծ է։

Նախկինում այս գյուղից մայրաքաղաք հասնելու համար մարդիկ 350 դրամ էին ծախսում, հիմա գրեթե կրկնակի շատ՝ 600 դրամ։ Զառի բնակիչներն այժմ պետք է նախ 300 դրամով հասնեն Աբովյան, այնտեղից էլ ևս 300 վճարելով գան Երևան։

Կոտայքում տրանսպորտը թանկացել է ուղիղ մեկ ամիս առաջ։ Անցած տարի կառավարության անցկացրած մրցույթում հաղթել է ԲՀԿ առաջնորդ, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, որն ի դեպ մրցույթի միակ մասնակիցն է եղել։ 250 հազարից ավելի բնակչություն ունեցող մարզի ամբողջ երթևեկությունը հենց այս ընկերությունն է իրականացնելու։ Տասը տարով պայմանագիր են կնքել՝ սակագները կտրուկ բարձրացնելով, ու նոր մեքենաներ ձեռք բերել։

Աբովյանում տրանսպորտի սպասող մի երիտասարդ կես կատակ կես լուրջ ասում է՝ տաքսիով Երևան հասնելն այժմ ավելի հարմար է. 4 հոգով հավաքվելով նույն գինն են վճարում, սակայն հեշտ ու հանգիստ հասնում՝ ավտոբուսի մեջ չսեղմվելով։

Ամեն օր մայրաքաղաք եկող-գնացող կոտայքցիները օրական ավելի քան 1000 դրամ պիտի ծախսեն, սա մեկ ամսվա հաշվարկով նվազագույն կենսաթոշակից բարձր գումար է կազմում։

Կոտայքում մեծ ազդեցություն ունեցող Ծառուկյանների ընտանիքին պատկանող ընկերության ղեկավարը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանն է։ Արձագանքելով քաղաքացիների դժգոհություններին՝ նա պնդեց, թե սակագները նույնը թողնել չէին կարող, քանի որ և' վառելիքն է թանկացել, և' պահեստամասերը. - «Այլևս նախկին սակագինը և ուղեվարձը չէր կարողանա բավարարեր, որպեսզի բնակչությանը սպասարկեր։ Եթե մենք նախկին սակագնով սկսենք սպասարկելը, տեղի կունենար հետևյալը՝ մեկ-երկու տարի հետո տվյալ տրանսպորտային միջոցը ուղղակի պետք է դադարեր շահագործվելուց»։

Հնարավոր չէ՞ր արդյոք ավելի ճկուն սակագներ հաշվարկել, որպեսզի քաղաքացիների բեռն այսքան չմեծանար։ «Երեսուն տարուց ավել մի տեսակի ուղեվարձր ա էղել։ Ո՞նց եք պատկերացնում, երեսուն տարվա մեջ ինչքան բան ա փոխվել դեպի թանկացում։ Ես հասկանում եմ սոցիալական իրավիճակը։ Թող բոլորովին չթվա, թե մենք ժողովրդի սոցիալական իրավիճակը չենք հասկանում», - պատասխանեց Դալլաքյանը։

Ի դեպ, Ծառոուկյաններին պատկանող ընկերությունը սակագների կտրուկ բարձրացում առաջարկել էր հենց մրցութային հայտի մեջ։ Կառավարությունն էլ հավանություն էր տվել գրեթե կրկնակի թանկացմանը։ Մրցույթն անցկացրած Տարածքային կառավարման նախարարությունից հայտնեցին՝ պայմանագիրը կնքվել է տասը տարով և այդ ընթացքում սակագնի փոփոխություններ չեն լինի։

Կոտայքում տրանսպորտը գրեթե կրկնակի թանկացել է
please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG