Գյուղում քաղաքի նման չէ, կանանց տոնին էլ ամենքն իր գործին է։ Մարտի 8-ին խանութներում ոչ առանձնապես եռուզեռն է ավելացել, ոչ էլ տներում գնալ-գալը։
Մարցեցի 85-ամյա Մարգո Խաչատրյանի սուրճի ամեն օրվա ընկերն էլ Շաքեն է: Դեսից-դենից խոսելու արանքին հիշում են ջահելությունը, իրենց համեմատում այսօրվա հարսների հետ։
«Սկեսուր-սկեսրայրի կողքին չէիր կարող ամուսնու մոտ նստել, ամուսնուդ հետ զրույց անել, իմ երեխուն ես կյանքում պաչած չեմ, իմ երեխեքը ինձ ու իմ ամուսնուն մամա, պապա ասած չեն: Հիմիկվա ջահելները ում մոտ ասես իրար կփաթաթվեն, կպաչեն: Բայց պատուհանի տակը՝ թախտին ես ու ամուսինս նստած էինք, ասաց՝ վեր կաց, նանը կգա, կտենա: Էն ժամանակ էդ էր, պետք է չխոսկան մնայիր», - ասում է կինը:
Սենյակի մի կողմում սկեսրոջ ու սկեսրայրի լուսանկարն է, մյուսում՝ 13 տարի առաջ մահացած ամուսնունը։ Ասում է՝ կես դար իրար հետ հաշտ են ապրել՝ հասկացած, բայց դա սեր չի անվանում. «Ինքը սիրում էր, բայց ես բան չեմ գլխի եղել»:
Իր ջահել տարիներին սիրո մասին անգամ ակնարկելն անպարկեշտ բան էր, ուր թե մնաց՝ ցույց տան իրենց սերը թեկուզ երեխաների հանդեպ։ Ասում ու խոստանում են՝ մեծերի սխալներն իրենց ջահել հարսների նկատմամբ չեն անի։ Բայց չեն հերքում՝ այսօր էլ գյուղերում խավարամտությունը չի վերացել։
«Ասում է, որ հարս էի, սկեսուրս էի փիսը, հիմա որ սկեսուր եմ, հարսս ա փիսը: Հարսիդ մոտ նենց բան արա, որ ինքն էլ իր մաշկի վրա չզգա էն, ինչ դու զգացել ես, նեղվել ես», - խորհուրդ է տալիս լոռեցի կինը:
Մարգո տատի 3 երեխաները, 5 թոռներն ու 8 ծոռները հեռուներում են։ Հպարտանում է, թե բոլորն էլ կրթություն են ստացել, լավ գործի անցել, բարձր եկամուտ ունեն, իրեն էլ աչքի լույսի պես են պահում, երբեք չեն անտեսում։ Բայց ջահելներին մի հարցում չի ներում՝ խնայել չգիտեն, ամեն գալիս տատի համար տեսակ-տեսակ նվերներ են բերում։ Պահարանից հանում է երբեք չհագած կոշիկներն ու թե՝ սա անելու բան չէ. «Ինչի՞ս է պետք, կարա՞ս ասես... Ճիշտը էն ա, որ իրենց երեխեքի համար փող խնայեն»:
Երկաթյա մահճակալին խնամքով դարսած վերմակները հատ-հատ հետ քաշելով հիշում է՝ ժամանակին հատուկ հյուրերի համար էին. ամսվա մեջ գոնե մեկ անգամ գյուղում հարսանքավոր կար։ Հյուրանոց գնալն ամոթ էր, հարևանի տուն պիտի գային։ Սիրով ընդունում ու ճանապարհում էին։ Է՛լ միտը չի, թե քանի տարի կլինի, որ իր ոչխարի բրդից կարված փափուկ անկողինն անգործ է. «Էն ժամանակ հարսանքավորը մնում էր, պոլի վրա տեղ էինք գցում, բայց հիմա քաղաքում են անում, գյուղ եկող չկա»:
Թե ինչու են գյուղ եկողները պակասել, 85 տարեկանում էլ իրեն հասկանալի չէ։ Քաղաք գնալու երեխաների բոլոր առաջարկները մերժում է։ Ասում է՝ գյուղից դուրս ապրել չի լինի։ Միևնույնն է՝ ցիրուցան մտքերը հեռուներում են ու խաղաղության մասին։ Տոնն աչքիս չի գալիս, եթե երկրում հանգիստ չէ, ասում է լոռեցի կինն ու թվարկում իրենից հեռու՝ նաև Ռուսաստանում ապրող թոռներին ու ծոռներին. «Մարտի ութն էլ իմ ինչի՞ն է պետք, Ռուսաստանը՝ կռվի մեջ, Հայաստանը՝ կռվի մեջ: Հայաստանում էլ երեխա ունենա, ստեղ ենք ապրում, Ռուսաստանում էլ, աղջիկս էնդեղ է, ամուսինն էնդեղ է, թոռներս էնդեղ են: Ինձ միայն դա է տանջում, ուրիշ տանջող հարց չունեմ»: