Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության զոհի և բռնարարի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրելու նախագիծը


Ընտանիքում բռնության ենթարկված քաղաքացին առաջիկայում իր մոտ ազդարարման թվային սարք կունենա, իսկ բռնարարը կկրի էլեկտրոնային թևնոց կամ ոտքի շղթա։ Այս սարքերի միջոցով ոստիկանությունն արդեն առավե» հստակ կարձանագրի՝ արդյոք բռնարարը խախտում է արգելքն ու մոտենում իր կողմից բռնության ենթարկվածին։ Սա ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի լրացումներից մեկն է:

«Որ իրար մոտենալու պարագայում կամ այլ խախտումներ կատարելու պարագայում, բնականաբար, համապատասխան հաղորդագրություն ուղարկի իրավասու մարմին», - կառավարության այս նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Առաջարկվում է գործող օրենքում փոփոխել, այսպիսի շուրջ 200 ձեռնաշղթա գնել, որպեսզի համակարգը սկսի նաև Հայաստանում գործել այնպես, ինչպես ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Իսպանիայում ու անգամ հարևան Վրաստանում։

Սարքերի համար 560 մլն դրամ է հարկավոր։ Արդյոք սա շատ չէ բռնության հետևանքները վերացնելու համար, փոխնախարարից հետաքրքրվեցին ընդդիմադիր պատգամավորները։ Արփինե Սարգսյանը թվերով պատասխանեց՝ միայն անցած տարի ընտանեկան բռնության 1547 հաղորդում են իրավապահները ստացել, 1175 բռնարար է հաշվառվել:

«Այս դեպքերով 556-ով նախազգուշացում է արդեն իսկ կիրառվել բռնարարների նկատմամբ, 619 դեպքով անհետաձգելի միջամտության մասին որոշում է կայացվել, և 6 պաշտպանության միջոց է կիրառվել դատական կարգով: Եթե մենք ունենանք անգամ մեկ դեպք, ազդակ է, որպեսզի կարողանանք քայլեր ձեռնարկել», - ասաց նա։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն արձագանքեց՝ այդ գումարի կեսով կարող եք պատճառները պարզել։ Ընդդիմադիր պատգամավորը նույնպես թվերով խոսեց՝ մտահոգիչ համարելով ընտանեկան բռնության աճը:

«2022 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում 4808 կին դիմել է օգնության, որոնցից ուղիղ կեսը ենթարկվել է բռնության։ Առավել տարածված են ծեծը և բռնությունը Երևանը չհաշված, Շիրակ, Կոտայք և Արմավիր։ Սա է մեր իրականության պատկերը։ Եվ ցավոք սրտի, երբ որ առանձին զրույցներ ենք ունենում ոստիկանների հետ կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, ցավով նշում են, որ ընտանեկան բռնության, միջհարևանային բռնության դեպքերի 90 տոկոսը կապված է թմրամոլության ու թմրամիջոցների հետ», - շեշտեց նա։

Ընդդիմադիր պատգամավորի մտահոգությունն ընդունելով՝ ներքին գործերի նախարարի տեղակալն ասաց՝ սա գործող օրենքում լրացուցիչ փոփոխություն է, որ բռնարարը գիտակցի՝ բռնության ենթարկվածին մոտենալ չի կարող. «Որպես կանոն կիրառում են որոշումն այն դեպքերում, երբ օրինակ՝ արգելում են մոտենալ տվյալ անձի բնակարան, կամ այնպիսի դեպքեր, որոնք, ըստ էության, ենթադրում են տարածության մեջ որոշակի գործողությունների կատարում: Եվ այս դեպքում, բնականաբար, եթե լինի այդպիսի որոշում, այս հսկողության միջոցը բավական արդյունավետ կլինի»:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» տվյալներով՝ անցած տարի ընտանեկան բռնության հետևանքով 16 կին է սպանվել։ Քննչական կոմիտեն 2022 թվականին ընտանեկան բռնության 960 գործ է քննել, դատարան է ուղարկվել միայն ինը։ Կոմիտեն սեռային պատկանելությամբ վիճակագրություն չունի։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որ սպանված 16 կանանց դեպքերն է հավաքագրել, պաշտոնական վիճակագրությունը խնդրահարույց է համարում, ընդգծելով՝ այն ողջ պատկերը չի ներառում։ Իրենց արձանագրած բոլոր դեպքերն, ասաց մամուլում հրապարակած սպանություններն են. «Մենք, իհարկե, այդ տվյալները արժանահավատ կարող ենք համարել: Միակ խնդիրն այն է, թե ով է սպանություն գործադրողը, քանի որ դեռևս Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության մեջ չկա զուգընկերային հարաբերությունները, և դա դեռևս չի դիտարկվում որպես ընտանեկան հարաբերություն», - նկատեց նա:

Իրավապաշտպանը կարևոր է համարում օրենքի այս փոփոխությունը։ Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ ուժի մեջ մտնելուց հետո իրենք մոնիտորինգ կանեն՝ հասկանալու, թե ինչպես է համակարգը ոստիկանությունը կիրառվում։ Մտահոգություններ ունեն, բայց, ասաց, դրանց մասին մոնիտորինգից հետո կխոսեն:

«Բռնության ենթարկված անձինք անընդհատ ազդարարել են, որ մոտեցել է, եկել է, բնակության վայրիս մոտ է, աշխատավայրիս մոտ է և այլն, պահանջել են ապացույցները հենց բռնության ենթարկվող անձից: Այժմ մենք կունենանք թե ապացուցողական բազա և թե ազդարարման հստակ մեխանիզմներ, որ բռնության ենթարկված անձը կունենա իր մոտ և կազդարարի ոստիկանություն», - նշեց նա:

Կառավարության նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 62 կողմ, դեմ քվեարկողներ չկային, 28 պատգամավոր ձեռնպահ էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG