Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են «Նոր Զովքի» սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ու ևս մեկ փոխկապակցված անձ


Ձերբակալվել են «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա․Ա․-ն, տնօրեն Ռ․Ա․-ն, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ն, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ն՝ «Նոր Զովքում» առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները չկատարելու, օժանդակելու համար։

Քննչական կոմիտեն այսօր որոշ մանրամասներ է հաղորդել՝ նշելով, որ «Նոր Զովքի» 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովքի» տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ, 4 մլրդ. 127 մլն. 611 հազար164 դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։

Մասնավորապես, ըստ Կոմիտեի, 2019-2023թթ․ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ-ն (ՍՊԸ-ի անունը չի նշվում) «Նոր Զովքի» խանութների ցանցում ներդրել է առևտրային ծրագիր, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգին։ Արդյունքում՝ վաճառված ապրանքների դիմաց փաստացի ստացված գումարը, իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է էլեկտրոնային սերվերային համակարգում, իսկ «Նոր Զովք» ընկերության խանութների ցանցից առևտուր իրականացնող գնորդներին տրամադրվել են արտաքին (առևտրային) ծրագրի միջոցով գեներացված, փաստացի վճարված գումարներին համապատասխան կտրոններ։

Արդյունքում, ինչպես Քննչական կոմիտեն է հայտնում, 2019-2023թթ․ ընթացքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 2 մլրդ․ 205 մլն. 858 հազար 586 դրամ ավելացված արժեքի հարկ և 1 մլրդ. 921 մլն. 752 հազար 578 դրամ շահութահարկ:

«Այս գործողությունները նպատակ ունեն խաթարելու ընկերության բնականոն գործունեությունը»

Փետրվարի 20-ին «Նոր Զովքի» բոլոր 29 խանութներում իրավապահները խուզարկություններ էին անցկացնում։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ ընկերությունը թաքցնում է իրական շրջանառությունը, պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր։

Հակադարձելով՝ սուպերմարկետի ղեկավարությունը դրանք ուղղակի ենթադրություններ էր համարել, իսկ խուզարկություններն՝ ապօրինի գործողություններ որակել։

«Համարում ենք ապօրինի, ամբողջը ապօրինի գործողություն, քանի որ կատարվեց մասնաճյուղերի փակման չհիմնավորված գործընթաց։ Մասնաճյուղ եղավ, կես ժամով փակվեց, մասնաճյուղ եղավ, ութ ժամով փակվեց։ Ըստ էության, տնտեսվարողին հասցվեց էական վնաս», - ասել էր «Նոր Զովքի» փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։

Այսօր ընկերությունը կրկին արձագանքել է Քննչական կոմիտեի հաղորդագրությանը՝ մտահոգություն հայտնելով, որ այս «գործողությունները նպատակ ունեն խաթարել ընկերության բնականոն գործունեությունը»:

«Իրավապահ մարմինների յուրաքանչյուր նոր քայլ խորացնում է մեր մտահոգությունն առ այն, որ փետրվարի 20-ից մեկնարկած այս գործողությունները ոչ թե ուղղված են փաստաթղթերի կամ շրջանառության ստուգմանը, այլ նպատակ ունեն խաթարել ընկերության բնականոն գործունեությունը և մեծ վնաս պատճառել: Իսկ ինչն առավել տարակուսելի է՝ պետական ռեսուրսը ծառայեցնել այլ մասնավոր շահերին․ ստիպված ենք գալ նման եզրահանգման», - ասված է հայտարարությունում:

Ընկերությունը նաև կասկածի տակ է դնում Քննչական կոմիտեի տարածած թվերն ու գումարները, որոնք, ըստ «Նոր Զովքի», հաշվարկված են «ենթադրությունների հիման վրա»:

«Նոր Զովք» ընկերությունը հետևողական է լինելու քննությունն օբյեկտիվ դաշտ վերադարձնելու, գործընթացի անօրինականությունները բացահայտող հանգամանքները ներկայացնելու և ընկերության բարի համբավը վնասելու փորձերը կանխելու հարցում», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG