Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց: Այդ մասին համապատասխան նախազգուշացումը տեղադրվել է արտաքին գերատեսչության պաշտոնական կայքէջում:
Նախարարությունը հորդորում է առավելապես զգոն լինել փետրվարի 20-26-ի ընթացքում, երբ Ռուսաստանում նախատեսվում են մի շարք պաշտոնական միջոցառումներ, որոնց կապակցությամբ տեղական իշխանությունները կձեռնարկեն անվտանգության լրացուցիչ միջոցներ:
Նախարարության էջում ուղիղ չի նշվում, մինչդեռ, վերլուծաբանների համոզմամբ, խոսքը Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման առաջին տարվա, նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաամյա ուղերձի, խորհրդարանի երկու պալատների արտահերթ նիստերի և ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվա միջոցառումների մասին է:
Արդեն Ռուսաստանի տարածքում գտնվող Գերմանիայի քաղաքացիներին նախարարությունը կոչ է անում զգոնություն դրսևորել և խուսափել մարդկանց մեծ կուտակումներից:
Նախարարությունը նշում է, որ կոնֆլիկտային իրավիճակների ծագման դեպքում, օրինակ, եթե երկքաղաքացիներին ռուսները զորակոչի ենթարկեն, Գերմանիան հյուպատոսական օգնություն չի կարող ապահովել այդ մարդկանց համար:
Նախարարությունը նաև կոչ է անում չմեկնել Ուկրաինայի սահմաններին մոտ գտնվող ռուսաստանյան շրջաններ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները քաղաքացիներին հորդորել է չմեկնել Ռուսաստան, իսկ արդեն այնտեղ գտնվողներին հորդորել է անհապաղ հեռանալ: