Թուրքիայի աղետի գոտում այսօր ավարտվում են որոնողական -փրկարարական աշխատանքները։ Այս մասին շաբաթ օրը կայացած բրիֆինգում ասել է տարերային աղետների դեմ պայքարի և արտակարգ իրավիճակների գերատեսչության ղեկավար Յունուս Սեզերը։
Նրա հայտնած տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում առնվազն 40 հազար 689 մարդ է զոհվել։ Առաջին՝ 7,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժին 9 ժամ անց հաջորդել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը։ Արձանագրվել են մոտավորապես 5 հազար 700 հետցնցումներ։ Երկրաշարժից տուժել են հարավ-արևելան 11 նահանգներ։ Աղետի գոտուց 430 հազար մարդ է տարհանվել։ Միջազգային օգնության որոնողական-փրկարարական աշխատանքներին մասնակցել են 80 երկրներից ժամանած ավելի քան 11 հազար 400 փրկարներ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ Թուրքիայում և Սիրրիայում շուրջ 26 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերը համակարգող գրասենյակի տվյալներով՝ Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում, որոնք գտնվում են զինված ընդդիմության վերահսկողության ներքո, ավելի քան 4 հազար 400 մարդ է զոհվել։ Սիրիայի կառավարությունը հաղորդել է 1400 զոհի մասին՝ այսպիսով Սիրիայում ապստամբների ու կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում ընդհանուր առմամբ 5 հազար 800 մարդ է զոհվել, իսկ Թուրքիայում և Սիրիայում միասին վերցրած՝ զոհերի թիվն անցնում է 46 հազար 400 -ը։
Բայց ոչ Թուրքիան, ոչ Սիրիան չեն հրապարակում, թե դեռ քանի մարդ է անհետ կորած համարվում։