Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ ևս մեկ թռչող օբյեկտ է խոցվել Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի F-16 կործանիչի կողմից՝ Կանադայի հետ սահմանին գտնվող Հուրոն լճի վրա։
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ օբյեկտը ութանկյուն տեսք ուներ, այն ոչնչացվել է օդանավից արձակված հրթիռով։
Խոսնակը նշել է, որ օբյեկտը չի գնահատվել որպես ռազմական սպառնալիք գետնին գտնվող որևէ բանի համար, սակայն այն սպառնալիք է ներկայացրել թռիչքների անվտանգության համար, բացի այդ՝ «հետախուզական ներուժ է ունեցել»։
Գեներալի խոսքով՝ օբյեկտը հայտնաբերվել էր կիրակի առավոտյան։
Սա չորրորդ օբյեկտն է, որ ոչնչացվել է Միացյալ Նահանգների և Կանադայի տարածքների վրա:
Դրանցից մեկի ոչնչացումը ԱՄՆ օդային տարածքում հանգեցրեց դիվանագիտական վեճի ԱՄՆ և Չինաստանի միջև, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգեց փետրվարի սկզբին նախատեսված այցը Պեկին՝ մեղադրելով Չինաստանին Միացյալ Նահանգների «ինքնիշխանությունը խախտելու» մեջ։
Չինական կողմը պնդում է, որ օդապարիկը օդերևութաբանական էր, և դրա հայտնվելը ԱՄՆ տարածքում բացատրում է ֆորսմաժորով։
Վերջին օրերին Ալյասկայի և Կանադայի վրա ոչնչացված օբեկտները նման չէին Հարավային Կարոլինայի ափերի մոտ ոչնչացված չինական օդապարիկին և շատ ավելի փոքր էին, երեկ ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը: «Մենք դրանց վերջնական բնութագրում չենք տա, մինչև չհանենք բեկորները, ինչի վրա ներկայումս աշխատում ենք», - ասել է նա:
Պաշտոնական Պեկինը, իր հերթին, հայտարարում է, որ ԱՄՆ-ում և Կանադայում ոչնչացված վերջին երեք թռչող օբյեկտների մասին որևէ տեղեկություն չունի։